«Ադրբեջանական բանակում տիրող ծանր պայմանների մասին պատմել էր ինձ` դրա համար էլ սպանվել է»
Ադրբեջանի Բարդա քաղաքի թիվ 190 զորամասում հունվարի 12-ին ծառայության ընթացքում պաշտոնական վարկածով ինքնասպան եղած զինծառայող Ռուստամ Գուլիևի մայրը պնդում է, որ իր որդուն սպանել են:
Ադրբեջանական Meydan.TV հեռուստաալիքով տարածված տեսանյութում Սևիլ Գուլիևան պատմում է, որ որդու դիակի վրա կտրվածքի հետքեր են եղել: Սակայն ոչ դիակը բերած զինվորականները, ոչ էլ նույնիսկ քաղաքապետարանի աշխատակիցները ընտանիքին հնարավորւթյուն չեն տվել զննել որդու մարմինը:
«Ես նրանց առողջ երեխա եմ հանձնել, իսկ նրանք իմ որդուն բերեցին իրենց ուսերի վրա դրոշով ծածկված: Իմ ինչին է պետք է այդ դրոշը: Որդուս դիակը 15-20 զինվորականներ և քաղաքապետարանի աշխատակիցներ բերեցին: Նրանք թույլ չտվեցին, որ մենք զննենք որդուս մարմինը, բայց ես նկատեցի, որ կրծքի մասում կարվածքի հետքեր կան»,-պատմում է ադրբեջանցի զոհված զինվորի մայրը:
Զինվորի մորաքույրը պատմում է, որ զինկոմիսարիատից իրենց զանգել և հայտնել են, որ Ռուստամը կրակել է իր վրա և վիրավոր է, իսկ զինվորի մորն ասել են, որ որդու ձեռքերն են կտրվել: «Մենք գնացինք զինկոմիսարիատ: Այնտեղ հայտնեցին, որ Ռուստամը մահացել է: Ես որոշեցի ասել ճշմարտությունը քրոջս», -ասում է Սևիլի քույրը:
Մայրը պատմում է, որ որդին մի քանի ամիս առաջ իրենցից 300-ից 500 եվրո գումար է խնդրել` ծառայության վայրը փոխելու համար:
«Որդիս խնդրեց, որ գումարը հասցնենք մինչև հունվարի 15-ը: Նա ծառայության առաջին օրվանից` անցյալ տարվա հունվարից սկսած հույս էր փայփայում, որ կհաջողվի փոխել ծառայության վայրը: Գանգատվում էր, որ կոշիկները խիստ մաշված են, ոտքերը վերքոտվել են, քնում են հատակին փռված թերթի վրա: Ասաց, որ արդեն 10 ամիս է նման պայմաններ են, բայց ինքը այդ ամենը գաղտնի է պահել: Բողոքում էր, որ թոքերը ցավում են, որ սոված են մնում, շաբաթ է լինում, որ ուտելիք չեն ունենում: Տղաս այլևս չէր դիմացել, և այդ մասին հեռախոսով բացահայտ ասել էր ինձ, մյուս որդուս, հարսիս: Հենց դրա համար էլ նրան սպանել են»,-պատմում է մայրը:
Զորամասից ծնողներին հայտնել են, որ Ռուստամի մահվանից հետո նրա գրպանում գրություն են հայտնաբերել: Նրանք չեն հայտնել, թե ինչ է գրված եղել այնտեղ, բայց ասել են, որ 8 հոգու անուն է նշված եղել, երկուսին ձերբակալել են:
Դեպքի հետ կապված ռազմական փորձագետ Ջասուր Սումերենլին նշել է, որ Ադրբեջանում 2003 թ-ից ի վեր 110 զինծառայող ինքնասպանություն է գործել, սակայն 40-50 %-ի դեպքում պաշտոնական վարկածը չի համապատասխանում իրականությանը. նրանց սպանել են:
«Ադրբեջանի ՊՆ-ն որոշ պատճառներով թաքցնում է այդ դեպքերը և փոխարենը հայտնում է, թե զինվորը ինքնասպանություն է գործել: Օրինակի, այս տարվա ընթացքում պաշտոնական վարկածով արդեն 4 զինվոր ինքնասպանություն է գործել: Մեկի դեպքում կասկածներ կան, որ զինվորին սպանել են` հասցնելով ծանր մարմնական վնասվածքներ», -ասում է փորձագետը:
Ռուստամի մայրը ևս համոզված է, որ որդուն սպանել են: «Modern.az» կայքը հայտնում է, որ ըստ պաշտոնական տվյալների՝ 2013 թ-ին ադրբեջանական բանակի 15 զինծառայողներ ինքնասպանություն են գործել, ևս 4 զինծառայող ինքնասպանության անհաջող փորձ է կատարել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա