Պետական հանձնաժողովը դեռ չի ընտրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմ
Հայաստանի Ազգային կինոկենտրոնը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ երկու ծրագիր է իրականացնելու` անկախ պետական հանձնաժողովի որոշումից: Այս մասին մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Ֆիլմերից մեկը նկարահանելու է «Բարս» ստուդիան Վարդան Հովհաննիսյանի հետ, կոչվելու է «Բանտարկված հոգիներ»:
Երկրորդ ֆիլմը նկարահանելու է Արամ Շահբազյանը, կոչվելու է «Հիշատակի պատը»:
«Երկու ֆիլմերն էլ շատ կարևոր են և իրենց տեսակի մեջ, և ասելիքով»,- նշեց նա:
Գ. Գևորգյանն ասաց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին ներկայացված է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի վեց նախագիծ: Այժմ քննարկումների փուլն է: Վեց նախագիծն ընտրվել է ներկայացված 37-ից: Նախագծերի ընտրությանը մասնակցել է նաև Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Քշիշտոֆ Զանուսին և կինոոլորտի այլ հայտնի ներկայացուցիչներ, ովքեր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում նախորդ տարվա ամռանը եկել էին Հայաստան:
Ներկայացված նախագծերը ինչպես հայաստանցի, այնպես էլ արտերկրի հայ ռեժիսորների աշխատանքներ են:
Ազգային կինոկենտրոնի տնօրենը համաձայնվեց այն դիտարկմանը, թե քիչ ժամանակ է մնացել մեծածավալ ֆիլմ նկարահանելու համար.
«Մտավախություն ունեմ, որ մի քիչ ուշ է, բայց կհասցնենք»: