Տարկետման իրավունքը կվերանա
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է օրենսդրական փոփոխության նախագիծ, որով վերացվում է պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների տարկետման իրավունքը:
Առաջարկվում է փոփոխություն կատարել «Զինապարտության մասին» օրենքի 14-րդ հոդվածում և սահմանել, որ պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին այսուհետ տարկետում կտրվի միայն ՀՀ կառավարության սահմանած դեպքերում և կարգով:
Նախագծի հեղինակները նկատել են, որ «վերջին ժամանակներում Հայաստանում միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի շրջանակներում սովորելու ցանկություն հայտնողների գերակշռող մասը արական սեռի քաղաքացիներ են: Երևույթի շարժառիթը հիմնականում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորությունն է, որն էլ իր հերթին խթանում է բնակչության արտագաղթին, ինչպես նաև հայրենիք չվերադառնալու հիմքեր է առաջացնում»:
Նախագծով առաջարկվող կարգը ենթադրում է Կառավարության համապատասխան անհատական որոշումների ընդունում, որոնք իրավական առումով կունենան ավելի բարձր իրավաբանական ուժ, քան մինչ օրս տրամադրող տեղեկանքները:
Ըստ առաջարկվող կարգի, պարտավորությունների կատարումն ապահովող գրավի պայմանգիր պետք է կնքվի, ինչը երաշխիք կապահովի Հայաստան վերադառնալու, հայրենիքի նկատմամբ սահմանադրական պարտավորությունները կատարելու և ձեռք բերված գիտելիքները Հայաստանում ներդնելու համար:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ձևավորել համապատասխան օրենսդրական հիմքեր՝ օտարերկրյա բուհերում ուսում ստանալը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոցի վերածելու դեպքերը բացառելու նպատակով, ակնկալելով, որ օտարերկրյա բուհում սովորելը ուղղված կլինի անձի՝ միայն կրթական կարիքները բավարարելուն:
«Միաժամանակ, զորակոչիկների սահմանափակ ռեսուրսների առկայության պայմաններում նախագծի ընդունումը որոշ չափով կնպաստի զորակոչի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը»,- հավելել են հեղինակները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները