Գրիպի համաճարակ չկա, բայց գրեթե ամեն ընտանիք հիվանդ ունի
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից Panorama.am-ին հաղորդում են, որ համաճարակային իրավիճակ Երևանում չկա: Սակայն այս օրերին գրեթե յուրաքանչյուր ընտանիքում գոնե մեկը հիվանդ է:
Տարածված վիրուսն արտահայտվում է բարձր ջերմությամբ, որը մի քանի օր շարունակ չի իջնում, ինչից հետո սկսվում է հազ, որը քսան օր նվազագույնը շարունակում է տանջել մարդուն: Դեղատներն էլ ակտիվորեն հակագրիպային դեղորայք են վաճառում, ընդ որում` թանկ ու կրակ հակաբիոտիկներ:
Շատերը բժշկի չեն դիմում, փորձում են տանը, սեփական ուժերով հաղթահարել հիվանդությունը, երբեմն էլ իրենց շռայլություն են թույլ տալիս ու «Շտապ օգնություն» կանչում:
ԱՆ-ից մեզ հորդորեցին զրուցել նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանի հետ, սակայն վերջինս երկու օր է չի պատասխանում հեռախոսազանգերին:
«Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին դեռ չի կարող ներկայացնել հունվարի վիճակագրությունը, սակայն նշեց, որ դեկտեմբերին էլ է բարձր եղել սուր-շնչառական հիվանդությունների հետ կապված կանչերի թիվը, ինչը պայմանավորված է եղանակով:
Թագուհի Ստեփանյանն ընդգծեց, որ համաճարակի մասին խոսք լինել չի կարող, ուղղակի շատ ցուրտ է:
Համաճարակ է, համաճարակ չէ, մասնագետները կասեն, բայց փաստ է, որ ձմեռային արձակուրդներից հետո երեխաներից շատերը դասի չեն գնացել հիվանդ լինելու պատճառով, փաստ է, որ մարդիկ տոներից հետո ճեղքված ընտանեկան բյուջեով ստիպված են դեղատներում բառացիորեն հերթ կանգնել դեղերի համար, փաստ է, որ յուրաքանչյուր կոլեկտիվում կան աշխատակիցներ, որ չեն գնում գործի:
Ի դեպ, կան ընտանիքներ, որտեղ բոլորն են հիվանդ… էլ ինչպե՞ս է լինում համաճարակը...
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում