Մադրիդում կանխվել է ադրբեջանցիների սադրանքը
Մի խումբ ադրբեջանցիներ փորձել են խոչընդոտել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցող «Fitur» միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին Հայաստանի և Արցախի միասնական տաղավարի բնականոն աշխատանքը: Դեպքը տեղի է ունեցել երեկ: Ծրագրավորված սադրանքն ուղեկցվել է ռասիստական կոչերով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ազգային մրցունակության հիմնադրամը:
«Դեպքի իրազեկմամբ անվտանգության աշխատակիցների կողմից անմիջապես քայլեր են ձեռնարկվել անկարգ խմբավորման կարգի բերման ուղղությամբ, և ոստիկանների կողմից սադրանքի մասնակիցները դուրս են բերվել ցուցահանդեսի տարածքից:
Հայաստանի և Արցախի միասնական տաղավարը ներկայումս շարունակում է իր մասնակցությունը միջազգային ցուցահանդեսին: Տաղավարը հագեցած է Հայաստանի ու Արցախի մասին պատմող գովազդային նյութերով և քարտեզներով և ինչպես միշտ մեծ ուշադրության է արժանանում այցելուների կողմից:
Հայաստանի ազգային մրցունակությունը շարունակելու է միջազգային բոլոր հնարավոր հարթակներում հայկական աշխարհի զբոսաշրջային արդյունքների խթանման և միջազգային ճանաչելիության բարձրացմանն ուղղված իր գործունեությունը»,-ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սույն թվականի հունվարի 22-26-ին տեղական զբոսաշրջային 5 ընկերությունների հետ համատեղ Հայաստանը կներկայացնի Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունենալիք «Fitur» միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին:
Միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Արցախի Հանրապետությունը:
Այս տարի նախատեսվում է 167 երկրների շուրջ 10 հազար զբոսաշրջային ընկերությունների, ավելի քան 110 հազար առևտրային գործակալների և 92 հազար այցելուների մասնակցություն ցուցահանդեսին:
Հայաստանի և Արցախի գրավիչ ու բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձևավորման նպատակով այցելուներին կտրամադրվեն գովազդային նյութեր և քարտեզներ իսպաներենով: