ՊԵԿ փոխնախագահը չի կարծում, որ ապրանքների դրոշմապիտակավորումից ապրանքները կթանկանան
ՀՀ կառավարության նիստում հավանություն է տրվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որով առաջարկվում է ընդլայնել դրոշմապիտակով հաշվառման համակարգի շրջանակը` ներառելով նաև լայն սպառման այլ ապրանքատեսակներ: Դրոշմապիտակով համակարգի ներդրման շնորհիվ ստվերայնության նվազման ցուցանիշները, որոնք հրապարակել է ՀՀ ֆինանսների նախարարը, գոհացրել են վարչապետին: Նա անհրաժեշտ է համարել շարունակել աշխատանքը, որպեսզի մնացած ոլորտներում նույնպես էապես կրճատվի ստվերայնությունը:
Հիշեցնենք, որ 2013թ-ից դրոշմավորման ենթակա են բնական կամ արհեստական հանքային, գազավորված կամ չգազավորված, ոչ ալկոհոլային խմիչքները, գարեջուրը, մինչև 9 տոկոս սպիրտայնությամբ խմիչքները` ներառյալ ալկոհոլային կոկտեյլները, մրգահյութերը և բանջարեղենի հյութերը, չխմորված և սպիրտ չավելացված հյութը: Ի դեպ, դրոշմակնիքների հետևանքով վերանշյալ ապրանքների հները թանկացել են 10-15 դրամով:
Կառավարության նիստից հետո ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ չի կարծում, թե լայն սպառման ապրանքների վրա դրոշմապիտակների առկայության պատճառով սոցիալական խնդիրներ կառաջանան:
Ըստ նրա` ապրանքների դրոշմավորումը հանգեցրել է հայտարարագրվող ապրանքների ծավալների ավելացմանը, և կառավարությունը որդեգրել է քաղաքականություն, որպեսզի այդ միջոցառումներն իրականացվեն փուլ առ փուլ: «Կարծում եմ, որ առավել կարևոր է, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները ճշգրտորեն հայտարարագրեն իրենց իրացման ծավալները և դրան համապատասխան կատարեն իրենց հարկային պարատվորությունները»,- ասաց Վ.Միրումյանը:
Հարցին, թե այս դեպքում արդյոք նոր թանկացումներ չեն սպասվում` հաշվի առնելով այն, որ արդեն զովացուցիչ ընպելիքներն ու գարեջուրը թանկացել են, Վ.Միրումյանը պատասխանեց. «Գնահատման խնդիր է` մենք գերադասում ենք աշխատել ստվերում և չունենալ թանկացում, թե՞ հակառակը` չաշխատել ստվերում և ունենալ թանկացում: Թանկանալն էլ հարաբերական է, քանի որ եթե տնտեսվարող սուբյեկտները մասնավորապես գերադասում են գերշահույթներ ունենալ ու չհրաժարվել այդ շահույթներից, ապա համադրելու և գնահատելու խնդիր է»:
ՊԵԿ փոխնախագահի խոսքերով, օրենքում հստակ ամրագրված է` դրոշմապիտակի գումարը ենթակա է նվազեցման հարկ վճարողի հարկային պարտավորություններից: Այսինքն` պետությունն ինքն է ֆինանսավորում դրոշմապիտակի արժեքը և դա սպառողի վրա որևէ ազդեցություն չպետք է ունենա: Լրագրողների դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու են ապրանքները թանկանում, ՊԵԿ փոխնախագահը նշեց. «Մենք չունենք, համոզված եմ, որ դուք էլ չունեք որևէ հստակ վերլուծություն, որ գների թանկացման միակ պատճառը դա է եղել: Գների թանկացման պատճառ կարող է լինել հումքի, ռեսուրսների թանկացումները, հիմա եթե դուք ունեք կոնկրետ գնահատականներ, թե գների թանկացման որ մասն էր հստակ պայմանավորված դրոշմապիտակներով, կարող եք ներկայացնել, և մենք կուսումնասիրենք»:
Հարցին, թե արդյոք չեն կարողանում պայքարել ստվերի դեմ, որ անցնում են նման ծայրահեղ միջոցների, քանի որ նորմալ երկրներում այդպիսի լայն սպառման ապրանքները չեն դրոշմապիտակավորվում, Վ. Միրումյանն էլ նշեց, թե դա ծայրահեղ միջոց չէր, այլ միջազգային պրակտիկայում ընդունված արդյունավետ միջոց է: Իսկ որպես միջազգային պրակտիկայի օրինակ նա թվարկեց ԱՊՀ երկրներից Վրաստանի, Բելոռուսի օրինակները, որոնք ևս կիրառում են նման դրոշմապիտակավորում:
Նախորդող`
Կաթնամթերք, ձեթ, սուրճ, կոսմետիկա` սպասվում է չհիմնավորված գնաճ:
Արմեն Ալավերդյան. Պիտակավորումը ապրանքի գնի վրա որևէ ազդեցություն չի ունենում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները