Ինչ է իրականում տեղի ունեցել Հորադիզի դիտարկման ժամանակ
ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հորադիզ բնակավայրի մոտակայքում այսօր նախատեսել էր դիտարկում անցկացնել:
ԼՂՀ ԱԳՆ փոխանցմամբ, դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
Իսկ ահա Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ դիտարկման վերջում, հայկական կողմից կրակահերթ է եղել:
Վերոնշյալ առնչությամբ Panorama.am-ը կապնվեց ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանի հետ, ով նշեց, թե Ադրբեջանից տրամաբանությանը հակասող հաղորդագրություններ են տարածվում, ինչը չի համապատասխանում իրականությանը:
Նա նշեց, որ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմի կանոնները, առավել ևս, երբ դիտորդները դիտարկում են իրականացնում, ավելացնելով, որ որպես կանոն, ՊԲ դիրքապահները կրակ են բացում միայն հակառակորդի նախահարձակ գործողությունների լռեցնելու դեպքում:
Ս. Հասրաթյանը հորդորեց լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ադրբեջանը դիվերսիոն գործողություն է իրականացրել ԼՂՀ ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում կողմերը երկուստեք զոհեր են ունեցել: Միջադեպին հաջորդող օրերին, Ադրբեջանի կողմից, հրադադարի ռեժիմի կանոնների խախտման դեպքերը էապես աճել են: