ՀՀ և Արցախի սահմաններում իրավիճակը վերահսկելի է, ժողովրդի մոտ որևէ մտահոգություն չպետք է լինի. Սեյրան Օհանյան
Հայաստանի և Արցախի սահմաններում իրավիճակը վերահսկելի է, ժողովրդի մոտ որևէ մտահոգություն չպետք է լինի, քանի որ մեր զինվորականները պատշաճ կերպով կատարում են իրենց խնդիրը: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ներկայացնելով վերջին օրերին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:
Նրա խոսքերով` հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի հատուկ ստորաբաժանումների կողմից կատարված դիվերսիոն գործողությունների անհաջող փորձից հետո հակառակորդը կրեց զոհեր և վիրավորներ և նահանջեց` հայ դիրքապահ զինծառայողների և կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հմուտ գործողությունների շնորհիվ:
«Ադրբեջանի դիրքերում որոշակի լարվածություն կա` արտահայտված կրակոցներով և որոշակի խուճապահար գործողություններով, քանի որ մտահոգություն կա, որ մենք պատասխան կտանք»,- ասաց Ս. Օհանյանը:
Նա միաժամանակ նշեց, որ հայկական կողմն անկանոն կրակոցներին չի պատասխանում.
«Մենք պատասխանում ենք միայն նպատակային և դիպուկարահարների կրակոցներին»:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է հերոս զինվորի` Արմեն Հովհաննիսյանի թաղման արարողությանը, իսկ դեպքը գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում:
Ըստ նրա` հասարակության մեջ հաճախ լինում են մեկնաբանություններ, որոնք իրականության հետ կապ չունեն, դրա համար վարչապետը կարևորեց Սեյրան Օհանյանի ներկայացրած տեղեկատվությունը: