Լևոն Մելիք-Շահնազարյան. Դիվերսիայի կանխման հետևանքով ադրբեջանցի 7 զինվոր է սպանվել (Տեսանյութ)
Ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմաններին վերջին օրերին իրադրությունը, այո, կտրուկ սրվել է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: Նա պատահական չի համարում, որ դիվերսիան տեղի է ունեցել հենց հունվարի 20-ին:
«Նրանք տարիներ շարունակ այդ օրը փորձում են վրեժ լուծել, բայցի այդ օրերից, օրացույցում կան այլ օրեր, որոնց պետք է տեղյակ լինի բանակի հրամատարությունն ու այդ մասին տեղեկացնի զինվորներին»,-ասաց քաղաքագետը, մատնանշելով Խոջալուի իրադարձությունների, Շուշիի ազատագրման, Արցախի հանրապետության հռչակման ու այլ օրեր:
Քաղաքագետը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանում պաշտպանության նախարար է փոխվել, ով զինվորական է:
«Զաքիր Հասանովը զինվորական չի եղել, և նրա բոլոր մոտեցումները ոստիկանական են: Մարդն ուզում է կամ իր վճռականությունը ցուցաբերի Ալիևին, կամ իր հաջողությունը ցույց տա որպես նոր նախարար»,-նկատեց քաղաքագետը:
Քաղաքագետը, վկայակոչելով դեպքի վայրից ամեն ժամ թարմացվող տեղեկությունները, ասաց, որ Մարտակերտի ուղղությամբ ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն գործողությունների կանխման արդյունքում սպանվել է 4 ադրբեջանցի գրոհային, Հադրութի ուղղությամբ` 3 ադրբեջանցի զինվոր:
«Այս պահի տվյալներով, սպանվել է 7 ադրբեջանցի զինվոր, վիրավորների թիվը տատանվում է 20-30, հստակ դեռ դժվար է ասել: Մեր կողմից, բոլորս գիտենք ու ցավում ենք, սպանվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը»,-ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան