Արդի կրթական հնարավորություններ` գյուղաբնակ երեխաներին
Հայաստանի մանուկներ հիմնադրամի նախաձեռնությամբ վերաբացվել է Արտենի համայնքի տարրական դպրոցի հիմնանորոգված մասնաշենքը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը 7 միլիոն դրամ է տրամադրել դպրոցում ստեղծագործարան հիմնադրելու համար:
Հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդմամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համագործակցության շնորհիվ իրականություն է դարձել Արտենի համայնքի երեխաների երկար սպասված երազանքը. վերաբացվել է համայնքի հիմնանորոգված տարրական դպրոցի մասնաշենքը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ այստեղ հիմնադրվել է ստեղծագործարան, որից կօգտվեն դպրոցի բոլոր աշակերտները: Հայաստանի մանուկներ հիմնադրամը հիմնանորոգել է դասասենյակները և հիմնել ատամների մաքրման կայան:
Ստեղծագործականը ժամանակակից կրթական պահանջներին համապատասխանող դասասենյակ է, որը հագեցված է էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով, ինչպես նաև հատուկ շարժական կահույքով: Վերջինս աշակերտներին հնարավորություն է տալիս կատարել ինչպես անհատական, այնպես էլ զույգերով կամ խմբային աշխատանք: Նման միջավայրը հնարավոր է դարձնում բազմանպատակ գործունեության իրականացումը, տարբեր աշխատանքների համադրումը, այդ թվում՝ համակարգչի օգտագործում ու տեխնոլոգիայի կիրառմամբ դաս, քննարկում ու դասախոսություն, ընթերցանություն և խաղ։
Նշենք, որ Արտենիի ստեղծագործարանը երկրորդ կրթասրահն է, որ շահագործման է հանձնվում COAF-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքում: 2013թ. սեպտեմբերից նույնանման ծրագրի շահառու են դարձել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի երեխաները:
«Ստեղծագործականությունը խթանող ժամանակակից միջոցներ տրամադրելով գյուղի դպրոցին՝ մենք նպատակ ունենք օգնել երեխաներին՝ բացահայտելու և զարգացնելու իրենց ունակությունները: Մենք պետք է խելացի սերունդ դաստիարակենք, և այս առումով շատ կարևոր է, որպեսզի ստեղծագործականությունը խթանող ժամանակակից գործիքները հավասարապես հասանելի լինեն թե՛ քաղաքի, և թե՛ գյուղի երեխաներին»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը տեղեկացրել է. «Հայաստանում ստեղծագործարանների հիմնադրման և տարածման գաղափարը COAF-ինն է` ուսման համար գրավիչ ու նպաստավոր միջավայրի ապահովման նպատակով: Հաշվի առնելով Արտենիում ենթակառուցվածքների բարելավման անհրաժեշտությունը, որոշեցինք հիմնանորոգել համայնքի տարրական դպրոցի մասնաշենքը, բազմապատկելով ներդրումներն ու ընդլայնելով համագործակցությունը մեր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ` բացել ստեղծագործարան: Այս ամենը հնարավոր դարձավ Հիմնադրամի երկարամյա բարեկամներ ու բարերարներ՝ տեր և տիկին Նուբար և Աննա Աֆեյանների աջակցությամբ: Այսօր վերաբացված դպրոցն ու ստեղծագործարանն արդի կրթական հնարավորություններ են ընձեռում երիտասարդ սերնդին»:
Արտենի համայնքի տարրական դպրոցը COAF-ի կողմից հիմնանորոգված ուսումնական 7-րդ և հանրային նշանակության 18-րդ կառույցն է` 2004թ.-ից ի վեր: Այսուհետ տարրական դպրոցի մոտ 100 աշակերտի և 15 ուսուցչի համար դասաժամերը կկազմակերպվեն ժամանակակից, հարմարավետ միջավայրում, լուսավոր ու ջեռուցվող դասասենյակներում: Աշակերտները կօգտվեն ջրամատակարարմամբ ապահովված սանհանգույցներից, ատամների մաքրման կայանից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա