Մի քանի հազար մարդ ընտրել է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերն ու ֆոնդերի կառավարիչներին
Մի շարք քաղաքացիներ արդեն իսկ ընտրել են պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը և ֆոնդերի կառավարիչներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը` հավելելով, որ այս պահին չեն կարող թվեր հրապարակել, թե քանի մարդ է իր ընտրությունը կատարել և կոնկրետ որ ֆոնդերին են նրանք իրենց նախապատվությունը տվել, քանի որ դրանով կփորձեն ուղղորդել մարդկանց, ինչը կխաթարի առողջ մրցակցությունը:
«Մարդիկ հիմա ընտրություն են կատարում, որպեսզի նրանց չուղղորդենք, որ գնան այս կամ այն ընկերությանը ընտրեն, դրա համար թվեր չենք հրապարակում»,- ասաց Մ. Աբրահամյանը:
ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ նման բարեփոխումների ժամանակ մարդիկ խուսափում են կամավոր ընտրություն կատարել, սակայն այսօր կենսաթոշակային ֆոնդեր կամավոր ընտրել է մի քանի հազար մարդ:
«Միջազգային կառույցների կողմից կատարվել են համապատասխան գնահատականներ, որտեղ նշված է` եթե 10 հազար հոգի մինչև ավտոմատ ընտրությունը կամավոր ընտրություն կատարի, ապա դա արդեն գերադրական արդյունք է»,- ասաց Ա.Գրիգորյանը` հավելելով, որ սովորաբար ավտոմատ ընտրության հնարավորությունը արվում է այն դեպքում, երբ մարդիկ հակված չեն ընտրություն կատարել, քանի որ ֆոնդերի գործունեության վերաբերյալ որևէ տեղեկատվության չեն տիրապետում:
Դրա համար սահմանվել է ավտոմատ ընտրության հնարավարությունը:Այսինքն, եթե մասնակիցը չի կոմնորոշվում` ինչ տեսակի ֆոնդ է ցանկանում, սակայն ընտրում է ֆոնդի կառավարչին, ապա նրա համար Հայաստանի պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգը ընտրում է իր նախընտրած կառավարչի պահպանողական ֆոնդը: Իսկ եթե հետագայում ցանկություն կա փոխել ֆոնդի կառավարչին, ապա դա կատարվում է անվճար:
«Իսկ 2015թ-ից հնարավոր է տարին մեկ անգամ կատարել ֆոնդի կամ կառավարչի փոփոխություն: Այսինքն` ցանկացած մուտք, ցանկացած պահի կարող եք փոխանցել այլ կառավարչի»,- ասաց Ա.Գրիգորյանը:
Մ.Աբրահամյանը տեղեկացրեց, որ այս բարեփոխումների արդյունավետությունը կախված է նրանից, թե ովքեր են ֆոնդերի կառավարիչները, և ԿԲ-ի համար առաջնային խնդիր է եղել` հրավիրելու միջազգային մեծ հեղինակություն ունեցող ընկերություններ, որոնք իրենց պատմությունով, հեղիանակությամբ, վարկանիշով և փորձառությամբ կարողանան ապահովել բարեփոխումների արդյունավետությունը:
Նշվեց նաև, որ ԿԲ-ն բանակցություններ է վարել երկու տասնյակից ավելի եվրոպական և ամերիկյան ընկերությունների հետ: Արդյունքում` որպես ֆոնդերի կառավարիչներ գրանցել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» և «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները