Կուտակային ֆոնդերի կառավարիչներից ոչ մեկը գրանցված չէ օֆշորային գոտում. ԿԲ-ի ներկայացուցիչ (Տեսանյութ)
ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա ստացած ընկերություններից ոչ մեկը գրանցված չէ օֆշորային գոտում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ երեկ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ կառավարության կողմից որպես կուտակային ֆոնդերի կառավարիչ ընտրված կազմակերպություններից մեկը` C-QUADRAT ARTS Total Return Global AMI-ն գրանցված է օֆշորային գոտում:
«Չգիտեմ, որտեղից են վերցրել նման տեղեկատվությունը և տարածել: Ես նույնպես զարմացել եմ այդ տեղեկատվությունից»,- ասաց Ա.Գրիգորյանը` հավելելով, որ ֆոնդերի կառավարիչներից մեկը գրանցված է Ֆրանսիայում, մյուսը՝ Գերմանիայում և Ավստրիայում:
«Խոսքը վերաբերում է կառավարիչներից մեկի ֆոնդի մասին, որը գրանցված է Լյուքսեմբուրգում, որը համարվում է Եվրոպայի ամենաշատ ֆոնդ գրանցած երկրներից մեկը: Լյուքսենբուրգը այստեղ դարձել է օֆշոր բառի «զոհը»: «Օֆշոր» նշանակում է տեղից դուրս, չի նշանակում այն վատ իմաստը, որ բոլորը հասկանում են»,- ասաց Ա.Գրիգորյանը:
Ըստ նրա` Լյուքսեմբուրգում գրանցված ֆոնդերը ոչ թե թափանցիկության հետ կապված խնդիրներ ունեն, այլ Լյուքսեմբուրգը համապատասխանում է բոլոր չափանիշներին, այստեղ հարկային դաշտ շատ ավելի պարզ է և ֆոնդերի գրանցման համար ավելի հարմար է, քան այլ երկրներում: «Այստեղ օֆշորային արտահայտությունն է թյուրիմացության մեջ գցել մարդկանց»,- ընդգծեց Ա.Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» և «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ընկերություններին տրամադրվել են ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա, ինչպես նաև պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման թույլտվություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները