Հակառակորդի կրակոցների հետևանքով Այգեպարում 16-ամյա աղջիկ է վիրավորվել
Հակառակորդը նախօրեին ողջ օրվա ընթացքում և գիշերը կրակահերթ է բացել Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիր աղբյուր և Չինարի գյուղերի ուղղությամբ:
Հակառակորդը կրակի տակ է պահել բնակելի տներն ու ճանապարհները: Կրակոցների հետևանքով վիրավորվել է Այգեպարի բնակիչ 16-ամյա Լիաննան:
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ աղջիկը տանն է եղել, կրակել են տան վրա, գնդակը տան մեջ է վրավորել նրան:
«Լիաննան ոտքից է վիրավորվել: Անմիջապես տեղափոխվել է Բերդի հիվանդանոց: Նրան վիրահատել են, վիրահատությունը լավ է անցել»,- ասաց Անդրանիկ Այդինյանը:
Այգեպարի գյուղապետը նաև հայտնեց, որ կրակոցները շարունակվել են մինչև գիշերվա ժամը 4-ը: Այս պահին հակառակորդը լուռ է: