ՍԴ-ն որոշել է կասեցնել վիճահարույց օրենքի կիրառումը (Լրացված)
Սահմանադրական դատարանը քիչ առաջ որոշում է կայացրել, որով կասեցրել է Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի մասին ՀՀ օրենքի գործողությունը մինչև դրա սահմանադրականության հարցին անդրադառնալը: Ներկայացնում ենք ՍԴ մամլո ծառայության հաղորդագրությունը.
«ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդ-վածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի հի-ման վրա որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Սահմանադրական դատարանի որոշմանն ամբողջությամբ /այդ թվում` պատճա-ռաբանական մասին/ կարելի է ծանոթանալ դատարանի պաշտոնական կայքում»:
Մասնավորեցնենք` Սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքի 76-րդ հոդվածը, որը սահմանում է պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար:
Բացի այդ կասեցվել է նաև 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: 86-րդ հոդվածը եզրափակիչ դրույթներն են, իսկ 3-րդ մասը սահմանում է հետևյալը` «Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչև 2014 թվականի հունվարի 1-ը պետք է սույն օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 39-րդ հոդվածով սահմանված կարգով»:
Հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին` բանավոր ընթացակարգով:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Սահմանադրական դատարանը վիճահարույց օրենքի պարտադիր բաղադրիչը կասեցնելու մասին ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունների միջնորդության մասին որոշում կկայացնի այսօր: