Սահմանադրական դատարանի որոշումը վիճահարույց օրենքի դրույթները կասեցնելու վերաբերյալ
Սահմանադրական դատարանը հրապարակել է «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ կասեցնելու մասին ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների միջնորդության վերաբերյալ որոշումը: Հիշեցնենք` ՍԴ-ն որոշել էր կասեցնել օրենքի 76-րդ հոդվածը, որը սահմանում է պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար:
Բացի այդ կասեցվել է նաև 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: 86-րդ հոդվածը եզրափակիչ դրույթներն են, իսկ 3-րդ մասը սահմանում է հետևյալը` «Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչև 2014 թվականի հունվարի 1-ը պետք է սույն օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 39-րդ հոդվածով սահմանված կարգով»:
Մասնավորապես, ՍԴ որոշումից տեղեկանում ենք, որ 86-րդ հոդվածի պահանջների շրջանակներում 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր կուտակային բաղադրիչի հնարավոր մասնակիցների ցուցակային թիվը կազմել է շուրջ 246 հազար մարդ, իսկ նրանցից օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն է կատարել ընդամենը 155-ը /0,06 տոկոս/:
Որոշմանը ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ` upload/sdav-3.pdf