«Freedom House». Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը՝ մասամբ ազատ երկրներ
«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2014» ամենամյա զեկույցը , որում ամփոփված է ժողովրդավարական ազատությունների վիճակը աշխարհի 195 երկրներում և 14 չճանաչված պետություններում:
Զեկույցում պետությունները դասակարգվում են «ազատ», «մասամբ ազատ» և «ոչ ազատ» խմբերում՝ 1-ից 7 միավորով գնահատելով աշխարհի երկրներում քաղաքական իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները: 1 միավորն ամենալավ ցուցանիշն է, իսկ 7 միավորը՝ վատագույնը:
Այդ չափանիշով կազմակերպությունն աշխարհում 2013թ.-ին ժողովրդավարության անկում և ավտորիտարիզմի աճ է արձանագրել: Այսպես՝ աշխարհի 195 պետություններից 88-ը «ազատ» երկրների շարքում են, որը կազմում է աշխարհի պետությունների 45%-ը՝ երկրագնդի 2.8 միլիարդ բնակչությամբ: 2012թ.-ի համեմատ «ազատ» պետությունների թիվը նվազել է 2-ով՝ Սիերա Լեոնե և Ինդոնեզիա:
«Մասամբ ազատ» երկրների ընդհանուր թիվը 59 է՝ աշխարհի պետությունների 30%-ը՝ 1,8 միլիարդ բնակչությամբ: 2012թ.-ի համեմատ «մասամբ ազատ» պետությունների թիվն ավելացել է մեկով՝ Մալի: Իսկ մնացած 48 պետությունները գնահատվել են «ոչ ազատ», որոնք կազմում են աշխարհի բոլոր պետությունների 25%-ը՝2,5 միլիարդ բնակչությամբ, որի կեսից ավելին ապրում է մեկ երկրում՝ Չինաստանում: «Ոչ ազատ» երկրների թիվը ևս ավելացել է երկուսով՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն ու Եգիպտոս:
Հարավային Կովկասում ժողովրդավարական ազատությունների հետընթաց է արձանագրվել միայն Ադրբեջանում: Քաղաքացիական ազատությունների միավորը Ադրբեջանի համար 5-ից իջեցվել է 6-ի: Հայաստանը, Վրաստանը և Լեռնային Ղարաբաղը շարունակում են մնալ «մասամբ ազատ» երկրների շարքում: 2012թ.-ի համեմատ միջազգային իրավապաշտպանները Հայաստանում, Վրաստանում և Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ազատությունների ոչ էական հետընթաց և ոչ էլ առաջընթաց են արձանագրել:
«Ադրբեջանում քաղաքացիական ազատությունների վարկանիշը 5 միավորից իջել է 6-ի՝ պայմանավորված կառավարության կողմից քաղաքացիների մասնավոր սեփականության իրավունքի կոպիտ ոտնահարումներով: Պետությունը ճնշել և հետապնդել է ընդդիմությանն ու քաղաքացիական հասարակությանը նախագահական ընտրություններից առաջ»,- ասված է զեկույցում:
«Freedom House»-ը ժողովրդավարական ազատությունների հետընթաց է արձանագրել Ռուսաստանում և Ղազախստանում: Զեկույցի հեղինակները պնդել են, որ այդ միտումը առկա է նավթա-գազային պաշարներով հարուստ երկրներում, և միաժամանակ նկատել, որ միջազգային հարաբերություններում գործում են երկակի չափանիշներ, երբ ածխաջրածնային պաշարներ ունեցող երկրների հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքը զգուշավոր է, իսկ նման բնական հարստություններ չունեցող այլ երկրների հանդեպ վերաբերմունքն անհամեմատ ավելի խիստ է:
Զեկույցում նշվում է, որ Եվրասիայի տարածաշրջանում 2013թ.-ի գլխավոր զարգացումը Ռուսաստանի ակտիվ գործողություններն են՝ ուղղված Եվրամիության և հետխորհրդային երկրների հետ ասոցացման համաձայնագրերի կնքման կասեցմանը: Եվ հենց այդ համատեքստում են զեկույցի հեղինակներն անդրադարձել Հայաստանին և Վրաստանին:
Ասվում է, որ Հայաստանը հրաժարվեց ԵՄ հետ ասոցացումից Ռուսաստանի կողմից սպառնալիքների և միաժամանակ խրախուսական պարգևների գործադրման հետևանքով, իսկ Վրաստանի հետ կապված դրական է գնահատվել ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև տեղի ունեցած նախագահական ընտրությունները:
Ընդհանուր առմամբ աշխարհում ժողովրդավարական ազատությունների հետընթացը «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը պայմանավորել է մասնավորապես ԱՄՆ-ի միջազգային դերակատարության թուլացմամբ: Կազմակերպությունը կարևորել է ԱՄՆ-ի ակտիվ գործողությունները աշխարհում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների պաշտպանության հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան