«Ժառանգությունն» իր զորակցությունն է հայտնում Ուկրաինայի ժողովրդին
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը տարածել է հայտարարություն Կիևում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
«Ժառանգություն» կուսակցությունը 2013-ի նոյեմբերին Կիևի Եվրամայդանի ձևավորումից ի վեր հետևում է երկրում ծավալվող իրադարձություններին, որոնք Ուկրաինայի իշխանությունների կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու արդյունք են, և հայտարարել է Ուկրաինայի ժողովրդի հետ համերաշխության մասին:
Վերջին շաբաթվա ընթացքում, դժբախտաբար, իշխանությունների և հասարակության միջև դիմակայությունը հատեց թույլատրելիի սահմանը, ցուցարարների հանդեպ գործադրված բիրտ ուժի հետևանքով եղան զոհեր:
«Ժառանգությունը» ցավակցում է զոհերի, նրանց թվում՝ մեր հայրենակից Սերգեյ Նիգոյանի հարազատներին, մտերիմներին ու զինակիցներին: Իբրև մարտմեկյան ողբերգություն վերապրած երկրի քաղաքական ուժ՝ դատապարտում ենք բռնությունը, հասարակության բողոքի ձայնը կոպտորեն լռեցնելու, սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու՝ կառավարությունների գործելաոճը:
Ուկրաինայում հանգուցալուծում չգտնող քաղաքական ճգնաժամը, Եվրամայդանի ակտիվիստների առևանգումներն ու խոշտանգումները, մինչև այժմ կայացած իշխանություն-ընդդիմություն բանակցությունների փոքր արդյունավետությունը հետագա արյունահեղության տագնապ են ստեղծում:
«Ժառանգությունը» հորդորում է միջազգային կառույցներին՝ ՄԱԿ, ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ, իրենց մանդատի շրջանակում անհապաղ ձեռնարկել քննարկումներ ու քայլեր` Ուկրաինայում բռնությունը դադարեցնելու և ճգնաժամին քաղաքական լուծում տալու համար:
Եվս մեկ անգամ մեր զորակցությունն ենք հայտնում Ուկրաինայի ժողովրդին, մեր ընդդիմադիր գործընկերներին` հանուն ազատության, իրավունքի և Ուկրաինայի նրանց մղած պայքարում»: