ՊԲ դիրքապահները խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակ չեն բացում
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական հաղորդագրությունն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում շարունակվում է լարված մնալ: Ըստ այդ հաղորդագրության, հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմի կանոնները` կրակ բացելով նաև Գապանլի գյուղի դպրոցի ուղղությամբ:
Նկատենք, որ ավելի վաղ, երբ Ադրբեջանը լուրեր էր տարածել, որում մեղադրում էր հայկական կողմին` քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակ բացելու մեջ, ԼՂՀ ՊԲ լրատվության ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը Panorama.am-ին ասել էր, թե առաջապահ ստորաբաժանումները կրակ են արձակում` բացառապես հակառակորդի նախահարձակ գործողությունների կասեցնելու համար` հավելելով, որ խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակ առհասարակ չի արձակվում:
Հիշեցնենք, որ վերջին օրերին, պայմանավորված ադրբեջանական կողմից իրականացված դիվերսիոն գործողություններով, սահմանագծին իրավիճակը բավականին սրվել է: Դիվերսիոն գործողություններին, մի քանի օր շարունակ, հետևում են ադրբեջանական կողմից իրականացվող ակտիվ կրակահերթերը: ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ ՀՀ առաջապահ ստորաբաժանումներն արձագանքում են միայն նկատակային կրակահերթերին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում