Շիֆ. Մինչև ցեղասպանության 100 ամյակը պետք է ճնշում գործադրել թե ԱՄՆ վարչակազմի, թե Կոնգրեսի վրա
«Ասբարեզ» պարբերականի խմբագիր Արա Խաչատրյանը բացառիկ հարցազրույց է ունեցել ԱՄՆի Կալիֆորնիա նահանգը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ:
Շիֆն անդրադարձել է այն խնդրին, որ Սպիտակ Տունը հրաժարվել էր հանրության ցուցադրմանը տրամադրել հայ որբերի գորգը և դրա շուրջ ծավալվող իրադարձություններին:
«Ինչպես գիտեք գորգը գործել են ցեղասպանության որբերը: Դա նախագահ Քուլիջին են նվիրել ի նշան երախտագիտության և այն գտնվում է Սպիտակ Տան պահեստում: Այն հազվադեպ է ցուցադրվել: Եվ Սմիթսոնյան թանգարանում միջոցառում կար, որի ժամանակ պետք է նաև ցուցադրվեր այն: Սպիտակ Տունը մերժեց այն տրամադրել՝ նշելով, որ դա պատշաճ միջոցառում չէ: Ես հիմա կազմակերպում եմ միջոցառում Հիլում, որտեղ մենք ընդգծելու ենք ցեղասպանության ժամանակ և դրանից հետո մի շարք կազմակերպությունների օգնությունները: Ես գրել եմ Սպիտակ Տանը, որ ցանկանում եմ, որ գորգը տրամադրեն: Կա նաև քույր գորգը, որը մենք հուսով են կցուցադրենք, եթե նրանք իրենց որոշումը չփոխեն:
Ինձ համար սա անարդարություն է, քանի որ վարչակազմը հստակ կերպով չի խոսում Ցեղասպանության մասին, ուստի նրանց համար դժվար է ցուցադրել Ցեղասպանության վերաբերյալ շոշափելի պատմական փաստը: Մենք մինչև Ցեղասպանության 100 ամյակը 14 ամիս ունենք առավելագույնս ճնշում գործադրելու թե վարչակազմի և թե Կոնգրեսի վրա, որպեսզի նրանք ճանաչեն Ցեղասպանությունը: Ես հույս ունեմ, որ նախագահը, ով որպես թեկնածու խոսել էր Ցեղասպանության ճանաչման մասին, այդպես էլ կանի իր պաշտոնավարման ժամանակ: Ես կարծում եմ, որ մեզ համար ամենալավ հնարավորությունը Ցեղասպանության 100 ամյակն է»:
Հիշեցնենք, որ Գորգը գործվել է հայ որբերի կողմից 1920-ականներին և պաշտոնապես ներկայացվել Սպիտակ տանը 1925-ին: Այն փոխանցվել է Միացյալ Նահանգների նախագահ Քելվին Քուլիջին` որպես երախտիքի նշան Միացյալ Նահանգների ցուցաբերած օգնության համար: Հույս կար, որ գորգը, որը գրեթե 20 տարի գտնվել է պահեստում, կարող է ցուցադրվել դեկտեմբերի 16-ին Սմիթսոնյան ինստիուտի կողմից անցկացվող միջոցառմանը, որի մեջ ներառվում է նաև դոկտոր Հակոբ Մարտին Դերանյանի` «Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գորգը» աշխատության շնորհանդեսը: Սակայն սեպտեմբերի 12-ին Սմիթսոնյան ինստիտուտի գիտնականներից մեկը, ով օգնել է միջոցառումը կազմակերպել, չեղյալ է հայտարարել այն` հղում անելով Սպիտակ Տան այն որոշմանը, թե չեն ցանկանում տրամադրել գորգը:
Թուրքիայի կառավարությունը չի ցանկանում Օսմանյան կայսրութան՝ հայերի հանդեպ իրականցված գործողությունները ցեղասպանություն որակել: Իսկ ԱՄՆ-ն էլ իր հերթին չի ցանկանում նեղացնել Թուրքիայի կառավարությանը՝ ներկա պահին այդ թեման շոշափելով: Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան