Սիրիայի երկու պատվիրակություններն այդպես էլ չնստեցին միևնույն սեղանի շուրջ
Շվեյցարիայի Ժնև քաղաքում սկսվել է Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի առանձին-առանձին հանդիպումները սիրիական երկու պատվիրակությունների հետ:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Բրահիմին արդեն հանդիպել է Սիրիայի կառավարական պատվիրակության հետ: Հանդիպումը տևել է մոտ 1 ժամ:
Սիրիայի պետական հեռուստատեսության փոխանցմամբ, երկրի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը, ով գլխավորում է կառավարության պատվիրակությունը, հայտարարել է, որ եթե հունվարի 25-ին «լուրջ բանակցություններ» չսկսվեն, ապա կլքեն համաժողովը:
«Եթե շաբաթ (հունվարի 25-ին) նախատեսված «լուրջ աշխատանքները» չսկսվեն, Սիրիայի պաշտոնական պատվիրակությունը կհեռանա Ժնևից, քանի որ մյուս կողմի մոտ բացակայում է լրջությունը և պատրաստվածությունը»,-ասել է Մուալեմը:
Ընդդիմության հետ Բրահիմիի հանդիպումը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 19.00-ին:
Ավելի վաղ ակնկալվում էր, որ ի վեր վերջո բանակցությունների մեկ սեղանի շուրջ կնստեն հակամարտող կողմերը, սակայն Սիրիայի ընդդիմությունը հայտարարեց, որ Սիրիայի կառավարության հետ չի նստելու միևնույն սեղանի շուրջ, քանի դեռ Դամասկոսը չի ստորագրել 2012 թվականի հունիսի 30-ին ընդունված Ժնևի կոմյունիկեն: Կոմյունիկեով նախատեսվում է Սիրիայում ստեղծել անցումային կառավարություն` օժտված գործադիր իշխանության բոլոր լիազորություններով: