Ա. Բաղդասարյան. Հայաստանը շահագրգիռ է Չինաստանի հետ հարաբերություններն ավելի խորացնելու հարցում
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին:
Խորհուրդի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, ԱԱԽ Քարտուղարն ու դեսպանը քննարկել են Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցության վիճակը և զարգացման հեռանկարները:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է Չինաստանի հետ երկկողմ, մասնավորապես տնտեսության և անվտանգության ոլորտներում հարաբերություններն էլ ավելի խորացնելու հարցում:
Դեսպանը տեղեկացրել է, որ Չինաստանում նախագահի գլխավորությամբ ստեղծվել է Անվտանգության խորհուրդ և կան անհրաժեշտ բոլոր հնարավորությունները Հայաստանի և Չինաստանի Անվտանգության խորհուրդների միջև փոխգործակցություն հաստատելու և զարգացնելու համար:
Քննարկվել է Արթուր Բաղդասարյանի հրավերով Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, քաղաքական իրավաբանական հանձնաժողովի քարտուղար Մեն Ջիանջուի` Հայաստան այցելությանն առնչվող հարցեր:
Արթուր Բաղդասարյանն ու Տյան Չանչունն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին:
Աղբյուրը հիշեցնում է, որ փետրվարի 14-16-ը Հայաստան է ժամանելու Չինաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակությունը` կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Ջոու Լիի գլխավորությամբ: