Երևանի շրջակայքի խաղատները փակվել են. չի բացառվում, որ խաղամոլների թիվը կնվազի
Խաղատուն կամ շահումով խաղ կազմակերպելու համար կազմակերպությունները պետք է նոր լիցենզիաներ ստանան: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարության Լիցենզավորման գործակալության պետ Սենիկ Վարդանյանը` հավելելով, որ նախկինում տրամադրված բոլոր լիցենզիաների ժամկետն ավարտվել է և հունվարի 1-ից խաղատները դադարեցրել են իրենց գործունեությունը:
Նշենք, որ «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի համաձայն` 2014թ. հունվարի 1-ից խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել առանձնացված գոտիներում կամ Երևանի մերձակայքում: Մասնավորապես, ըստ օրենքի պահանջների` խաղատուն կամ շահումով խաղեր կարելի է կազմակերպել Ծաղկաձորի, Ջերմուկի, Սևանի և Մեղրիի վարչական սահմաններում, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում։ Խաղատուն կարելի է կազմակերպել նաև այլ բնակավայրերում` կառավարության կողմից հավանության արժանացած 40 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում:
Ս.Վարդանյանի խոսքերով` լիցենզիա ստանալու նպատակով նախարարություն է դիմել ընդամենը 3 ընկերություն, ինչը նշանակում է, որ միայն այս երեքը կարող են գործունեություն ծավալել: Լիցենզիա տրամադրված խաղատներից մեկը գտնվում է Երևան-Սևան մայրուղու ճանապարհին, երկուսը` Ծաղկաձորում:
Ֆինանսների նախարարության տվյալներով` 2013թ-ին Հայաստանում շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ունեցել է 76 ընկերություն: Ս.Վարդանյանը չբացառեց, որ լիցենզիա ստանալու նպատակով այլ ընկերություններ ևս կդիմեն ֆինանսների նախարարություն, սակայն ակնհայտ է, որ առանձնացված գոտիներում խաղատներն ավելի քիչ կլինեն:
Լիցենզավորման գործակալության պետը հայտնեց նաև, որ փոփոխություններ են եղել «Պետական տուրքի մասին» օրենքում, համաձայն որի` կառավարության կողմից սահմանած վայրում խաղատան գործունեություն իրականացնելու դեպքում, մասնավորապես, Ծաղկաձորում տարեկան կգանձվի 150 մլն դրամ պետական տուրք, Սևանում` 120 մլն դրամ, Ջերմուկում` 80 մլն դրամ, Մեղրիում` 30 մլն դրամ տուրք: Իսկ մինչ այդ, ըստ Ս.Վարդանյանի, շահումով խաղի կազմակերպման համար գործում էր տարեկան 5 մլն դրամ տուրք, իսկ խաղատան կազմակերպման համար` 25 մլն դրամ տուրք:
«Մեր նպատակն է օտարերկրյա զբոսաշրջիկների համար զարգացնել խաղատների ոլորտը եւ ոչ թե այն մատչելի դարձնել Հայաստանի բնակչությանը: Նման փոփոխությունների նպատակը նաև այն է, որ սրանով նվազեցնենք խաղամոլների թիվը: Այս օրենքի ընդունումը նաև կանխարգելող նպատակ ունի և չի բացառվում, որ խաղամոլների թիվը կնվազի»,- ասաց Ս.Վարդանյանը:
Այդուհանդերձ, պետք է նկատել, որ խաղատների փակվելու արդյունքում մեծ թվով մարդիկ դարձել են գործազուրկ: Լիցենզավորման գործակալության պետը նշեց, որ իրենք չունեն տվյալներ, թե այս ոլորտում զբաղվածների թիվը որքան է կազմում:
«Մենք նման վիճակագրություն չունենք, բայց չեմ կարծում, որ գործազուրկների թիվն այդքան մեծ է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 2012թ-ին ընդունված օրենսդրական փոփոխության համաձայն` խաղատներն առանձնացված գոտիներ պետք է տեղափոխվեին դեռ 2013թ. հունվարի 1-ից, սակայն հետագայում տեղափոխման ժամկետը հետաձգվեց մինչև 2014թ. հունվարի 1-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները