Կայացավ Սիրիայի կառավարության և ընդդիմության առաջին դեմ առ դեմ հանդիպումը
Շվեյցարիայի Ժնև քաղաքում Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի միջնորդությամբ կայացավ Սիրիայի երկու պատվիրակությունների առաջին հանդիպումը: Այն տևել է 15 րոպե, որից հետո ընդմիջում է հայտարարվել:
Reuters գործակալությունը հայտնում է, որ երկու կողմերը մտել և դուրս են եկել տարբեր դռներից: Կողմերը ընդմիջումից հետո բանակցելու են հումանիտար հարցերի շուրջ` հատկապես Հոմս քաղաքի շրջակայքում հումանիտար միջանցքները բացելու հարցի շուրջ: Վաղը սպասվում է, որ կքննարկեն բռնությունները դադարեցնելու հարցերը:
Հիշեցնենք, որ Սիրիայի երկու պատվիրակությունների հանդիպումը նախատեսված էր նախօրեին, սակայն ընդդիմությունը հրաժարվել էր միևնույն սեղանի շուրջ նստել կառավարության հետ, քանի դեռ այն կյանքի չի կոչել Ժնևի կոմյունիկեն: Բրահիմին ստիպված էր առանձին-առանձին հանդիպումներ ունենալ կողմերի հետ: