ԱՄՆ Պետդեպ. ԼՂ հակամարտությունը ուժի կիրառմամբ չի կարող լուծվել
Հունվարի 24-ին ամենօրյա ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ Պետդեպի մամուլի խոսնակի տեղակալ Մարի Հարֆն անդրադառնալով շփման գծում ադրբեջանական դիվերսիոն գործողություններին նշել է, որ ԱՄՆ-ն ցավ է ապրում մարդկային կորուստների առիթով: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական կայքը:
«Մենք ուսումնասիրեցինք զեկույցներն ու ցավ ենք ապրում մարդկային կորուստների առիթով: Մենք շարունակում ենք մնալ այն տեսակետին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուժի կիրառմամբ չի կարող լուծվել: Մենք կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ ուժի և սպառնալիքի կիրառումից: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ԱՄՆ-ը շարունակում է աշխատել կողմերի հետ հակամարտության խաղաղ կարգավորում ձեռք բերելու հարցում: Սա միանշանակ մեր նպատակն է: Դա չի փոխվել: Մենք գիտենք, որ դժվար է, բայց մենք կշարունակենք այդ ուղղությամբ աշխատել»:
Հիշեցնենք, որ վերջերս Մարի Հարֆը նշեել էր, որ ԱՄՆ պետդեպում տեղյակ չեն ադրբեջանական դիվերսիայի մանրամասներին և խոստացել էր ուսումնասիրել փաստերը: Հունվարի 19-ի լույսի 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խմբերը հարձակում են իրականացրել ղարաբաղյան մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում հայ զինծառայող էր զոհվել: