Տ. Բալայան. Ադրբեջանը խեղաթյուրել է հանդիպման էությունը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների` Փարիզում կայացած հանդիպումից հետո, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլլաևը մեկնաբանելով այն, նշել է, որ «Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունների առանցքում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցն է»:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով վերոնշյալին, նշել է.
«Հունվարի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում կայացած բանակցությունների բովանդակությանը:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ինքն իր հետ է բանակցել` ասելով է իր սրտի ուզածը, ինքն իր համար ինչ-որ լուծումներ առաջարկել և այդ ամենը փորձում է ներկայացնել որպես բանակցությունների բովանդակություն:
Դա տեղի ունեցած հանդիպման էության խեղաթյուրում է, ինչը ևս մեկ արտահայտություն է բանակցային գործընթացը գլխիվայր ներկայացնելու ադրբեջանական կողմի շարունակական գործելաոճի»: