Այսօր ռուս մեծ երգիչ և դերասան Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է
Այսօր ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ և երգահան, դերասան Վլադիմիր Վիսոցկին կդառնար 76 տարեկան:
Նա մեծ հետք է թողել ռուսական մշակույթում: Չնայած, որ անտեսված էր սովետական իշխանությունների կողմից, Վիսոցկին դեռևս կենդանության օրոք ձեռք բերեց համախորհրդային ճանաչում:
1965 թվականին Վիսոցկին արդեն կուռք էր: 1967 թվականին կայացել է նրա առաջին մենահամերգը, իսկ մեկ տարի անց թողարկվել առաջին ձայնապնակը, թեև տպագրվելու թույլտվությունն ավելի ուշ ստացվեց` խորհրդային վերակառուցման շրջանում։
Նա երգում էր Տագանկայի թատրոնի դերասանների հետ, որտեղ նաև Համլետ էր խաղում։ Նկարահանվում էր ֆիլմերում:
Վիսոցկին ծնվել է 1938թ. հունվարի 25-ին, Մոսկվայում: Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ, Ուրալում: Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա Մոսկվայում: Դեռևս դպրոցում խաղացել է թատերական խմբակում: Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտա-շինարարական ինստիտուտ, ապա փոխադրվել ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժանմունք:
1964 թվականից՝ Մոսկվայի Տագանկայի թատրոնի դերասան էր: Վիսոցկին նկարահանվում էր նաև կինոյում: Նրա ամենահայտնի և ամենասիրած կինոդերը «Место встречи изменить нельзя» հեռուստասերիալում Ժեգլովի դերն էր: Շատերը կարծում էին, որ Գլեբ Ժեգլովը հորինովի կերպար չէր: Հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի:
1967թ-ին Վիսոցկու կյանք մտավ նրա մեծ սերը` Մարինա Վլադին: 1967 թվականին Վիսոցկին սիրահարվեց ֆրանսիացի դերասանուհուն «Колдунья» ֆիլմից հետո: Օրը մի քանի անգամ դիտում էր այդ ֆիլմը և երազում նրա հետ հանդիպման մասին: Եվ վերջապես այն կայացավ:
Վիսոցկին ամուսնացավ Մարինա Վլադի հետ:
Վլադիմիր Վիսոցկին դեռ մանկուց որոշ պատկերացում ունեցել է Հայաստանի ու հայության մասին, քանի որ նրա հոր երկրորդ կինը՝ «արևելյան մեղմ գեղեցկությամբ օժտված, բարեհամբույր Ժենյան», հայուհի էր: Խորթ մոր հետ, սակայն, փոքրիկ Վոլոդյան կապվել է հարազատի պես և որոշ ժամանակ մեծացել նրա ջերմությամբ շրջապատված:
Գերմանական փոքրիկ մի քաղաքում զինվորական հոր մոտ անցկացրած նրա մանկության այդ տարիների մասին Մարինա Վլադին գրում է.
«Բարեբախտաբար, կա քնքուշ ու սիրող մայրացուդ: Քո կյանքի այդ շրջանը նա մեղմում է համբերատար հոգատարությամբ ու այն ամենով, ինչ ժառանգել է իր հայրենի երկրի՝ Հայաստանի հինավուրց մշակույթից»:
Վիսոցկին ու Մարինա Վլադին ջերմ ու մտերմիկ հարաբերությունների մեջ են եղել Սերգեյ Փարաջանովի հետ: Իսկ Վլադիմիր Վիսոցկու և Լեոնիդ Ենգիբարյանի միջև կար ջերմ բարեկամություն, առանձնահատուկ վերաբերմունք ունեին միմյանց հանդեպ: Եւ պատահական չէ, որ Վիսոցկին մի օր պետք է գրեր «Ենգիբարյանին՝ հանդիսատեսից» բանաստեղծությունը:
Վիսոցկին մտերիմ էր նաև Դավիթ Կարապետյանի հետ, ով 2002 թվականին տպագրեց Վիսոցկու մասին իր հուշերը: Գիրքը հարուստ է բացառիկ լուսանկարներով, այն վերահրատարակվել է 2005թ-ին:
Հանրահայտ դերասանը, բանաստեղծը մահացել է 1980 թ. հուլիսի 25-ին: Նրա մահվան մասին պաշտոնապես լուր չհրապարակվեց, քանի որ այդ պահին Մոսկվայում ընթանում էին Օլիմպիական խաղեր: Միայն թատրոնի դրամարկղի ապակուն փակցված էր համեստ գրություն.
«Մահացել է դերասան ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿԻՆ»:
Չնայած բոլոր խոչընդոտներին` Տագանկայի թատրոնի մոտ հսկայական բազմություն էր հավաքվել, մարդիկ մի քանի օր շարունակ չէին ցրվում: Արտիստին հրաժեշտ տալու էր եկել մոտ 40 հազար մարդ: Մարինա Վլադին ամուսնու ընկերներից մեկին` Վադիմ Թումանովին ասել էր.
«Վադիմ, ես տեսել եմ, թե ինչպես են թաղում արքայազներին, թագավորներին, բայց նման բան երբևէ չեմ տեսել...»:
Նշենք, որ այսօր Երևանում` «Յանս» երաժշտական ակումբում կկազմակերպվի Վիսոցկուն նվիրված համերգ, որը կրում է «Ես, իհարկե, կվերադառնամ..» խորագիրը: Համերգին ելույթ է ունենալու Ռուբեն Եգոյանը, Դավիթ Խաչատրյանը, Տյոմա Յուժնին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները