Հալեպահայ մանկաբույժը՝ հայրենիքի, երեխաների ու խորթ չապրելու մասին
Սիրիահայ Ժան Պեշլյանի մայրն արմատներով Մուսալեռից է, հայրը՝ Ուրֆայից, ինքը ծնվել է Հալեպում:
Մանկաբույժը մոտ մեկ ու կես տարի առաջ է եկել Հայաստան: Այն ժամանակ մնալու մտադրություն չունեին: Մտածում էին՝ Սիրիայում իրավիճակը մի երկու ամսից կշտկվի, կվերադառնան տուն:
Ժան Պեշլյանը Հայաստան եկել էր քրոջ ընտանիքի հետ: Մայրն Ամերիկայում էր, բայց որոշ ժամանակ անց միացավ զավակներին: Հիմա ամբողջ ընտանիքը հայրենիքում է:
Մանկաբույժը Հալեպում աշխատել է մոտ 30 տարի, իր աշխատանքը շատ է սիրում, երեխաներին է շատ սիրում. սեփական երեխաները չունի:
«Շատ հաճելի աշխատանք է: Երեխաների հետ շատ նուրբ և շատ զգույշ պետք է վարվել: Շատերը կարծում են, որ մանկաբուժությունը դյուրին մասնագիտություն է, բայց, ըստ իս, շատ դժվար է: Նախ երեխաները որոշ տարիքում խոսել էլ չեն կարողանում, պիտի փորձես հասկանալ: Եվ, ամնակարևորը, երեխաների վստահությունը պիտի վաստակես: Եթե կարողանաս իրենց վստահությունը շահել, գործդ կդյուրանա: Եթե երեխան չվստահեց քեզ, գործդ շատ բարդ կլինի»,- ասում է նա:
Հալեպում Ժան Պեշլյանն աշխատել է մոտ հինգ հիվանդանոցում՝ հայկական, Հալեպի քրիստոնեաների հայտնի հիվանդանոցներում և այլն:
Ինչպես մյուս սիրիահայերը, մանկաբույժը ևս Հալեպում իր ունեցած ամեն ինչն է թողել, սակայն ամենաշատն իր այնտեղի աշխատանքն է կարոտում.
«Նույնիսկ հիվանդներս այստեղ են, երբեմն այցելում են: Բայց, երբ 30 տարի մի բանով ես զբաղվել, կկարոտես անպայման: Իմ այնտեղի կյանքն եմ կարոտում, սովորությունները…»:
Ժան Պեշլյանը մասնագիտութունը Հայաստանում է ստացել, ասում է՝ իր համար Հայաստանը օտար երկիր չէր:
«Ես իմ լավագույն 10 տարիներն այստեղ եմ ապրել: Իհարկե, շատ բան է փոխվել, բայց ամեն ինչն էլ ինձ համար հարազատ է: Ես ինձ այստեղ շատ հանգիստ եմ զգում: Եթե օտար երկիր գնաս, խորթ է, դժվար է, իսկ այստեղ այդ բանը չկա: Շատ արագ հարմարվեցի, նույնիսկ լեզուս արագ վարժվեց»,- պատմում է նա:
Մանկաբույժը հիմա աշխատանք չունի: Շաբաթ օրերին անվճար բժշկական ծառայություններ ու խորհրդատվություն է տալիս Հայաստանում ապաստանած սիրիահայ մանուկներին: Առաջարկել են շրջաններում աշխատել, բայց բժշկի համար դժվար էր շրջաններ գնալը:
Հայաստանում մնալու որոշում սիրիահայը դեռ չի կայացրել, ասում է՝ կախված է ընդհանուր վիճակից.
«Այնտեղ ահագին բան ենք թողել, միանգամից կտրվել հնարավոր չէ: Բայց տեսնենք ապագան ինչպիսին կլինի, օրը կորոշի երևի»:
Ժան Պեշլյանը հույս է հայտնում, որ սիրիահայերը կկարողանան ավելի հեշտ հարմարվել այստեղ և, ամենակարևորը, բոլորը կկարողանան ինչ-որ աշխատանք գտնել.
«Դա այստեղ մնալու հարցում ամենաորոշիչ դերը կխաղա: Աշխատանքն ամնակարևոր բանն է, ես 30 տարի աշխատել եմ, իմ աշխատանքի մեծ մասը կատարել եմ, հնարավոր է այլ կերպ մտածեմ: Բայց երիտասարդները պետք է աշխատանք գտնեն, որ մտածեն մնալու մասին: Իմ հիմնական ցանկությունն այդ է, որ կարողանան բարեկեցիկ կյանք ապահովել իրենց ընտանիքների համար ու մնան հայրենիքում»:
Սիրիահայերի մասին շարքի նախորդ պատմությունները`
Հալեպի տունը պոկել-բերելու և այդպես էլ օտար մնալու մասին
Շուտ մեծացած մանուկներ, գողացված ուրախություն, ապրելու տենչ, հայ ընտանիքը չի լքում Հալեպը
Աշխարհի որ ծայրն էլ գնաս, հետ ես գալու, որովհետև միշտ կարոտելու ես. Հալեպահայ սրտաբան
Պատերազմը սեփական մաշկի վրա զգացած. Հալեպահայը կամավոր աշխատում է փախստականների համար
Տան կարոտը, հայրենիքը չթողնելը, հայ մնալու պարտքն ու Թումանյանի «Անուշը»… Հալեպահայ օպերային երգչուհին
«Գաբոյիս չեմ կարողանում բերել, երեխաս Հալեպում է». Սիրիահայ ընտանիքի երազանքը
Սիրիահայ. Մեր ինքնությունը այստեղ կպահենք, Հայաստանից դուրս ուր էլ գնանք, պիտի ձուլվենք
Սիրիահայ Ժիրայրն Արցախում է արդեն չորս տարի. Սեղան է նստում յոթ զավակով, մեծ տղան էլ զինվոր է
«Տանս վրա երկու անգամ հրթիռ է ընկել, տունս քանդվել է». Հալեպահայ Սոսին Երևանում սենդվիչ է վաճառում
Հալեպահայ. Խիղճ չունեցող մարդու ձեռքին մնացինք, այդքան գեղեցիկ քաղաքն ինչի՞ են վերածել
Սիրիահայ կին. Իսկ տունը, առօրյան, իմ հիշողություններն ինձ հետ են կանչում Սիրիա
Թեկուզ վաղը պատերազմը դադարի, հետ չեմ գնալու. Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկ