Հայկ Դեմոյան. Պետական հանձնաժողովը որոշում դեռ չի կայացրել
«Աշխատանքային խումբը սկսել է իր գործունեությունը: Ճշգրտում է համերգների անցկացման ամսաթվերը, ընտրում դահլիճներ, քննարկում քաղաքացիներից, կառույցներից ստացված առաջարկությունները: Անդրադառնալու ենք նաև ֆիլմերին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը ասել էր, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին ներկայացված է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի վեց նախագիծ, սակայն ֆիլմ դեռևս չի ընտրվել:
Հ. Դեմոյանն էլ ասաց, որ «Ոսկե ծիրան» 10-րդ փառատոնի ընթացքում քննարկվել են մի շարք ֆիլմեր, ընտրվել են հինգը, որոնք մասնակի աջակցություն են ստացել մշակույթի նախարարությունից, բայց պետական հանձնաժողովը որևէ առանձին քննություն չի կատարել, որոշում դեռ չի կայացրել:
Ինչ վերաբերում է հանձնաժաղովի աշխատանքներին, նա ասաց, որ այժմ աշխատանքային խումբն ինտենսիվ աշխատում է, ժամանակացույցի համաձայն: Հ. Դեմոյանի խոսքով, իրականացվում են մի շարք ծրագրեր, հանդիպումներ, քննարկումներ, սակայն ոչ բոլոր քայլերի մասին է բարձրաձայնվում:
Հիշեցնենք, որ 2011 թ. ապրիլի 23-ին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով: