Հոլոքոստի զոհերի միջազգային օրն է
Հունվարի 27-ը աշխարհում նշվում է Հոլոքոստի զոհերի միջազգային օրը: Օրվան նվիրված ուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը.
«Ամեն տարի Աուշվիցի (Օսվենցիմ) համակենտրոնացման ճամբարի ազատագրման տարեդարձին մենք նշում ենք Հոլոքոստի զոհերի հիշատակը: Մենք հիշում ենք միլիոնավոր անմեղ մարդկանց զրկանքները և ուշադրություն հրավիրում հակասեմիտականության ու ատելության ցանկացած դրսևորման վտանգի վրա:
Այս տարի մենք ուշադրությունը սևեռում ենք Հոլոքոստի պատմության քառուղիներով ճամփորդություններին և վկայակոչում մեր իսկ վերջերս կայացած ուղեւորությունը:
Անցյալ նոյեմբերին անցա Աուշվից-Բիրկենաուի Arbeit Macht Frei («աշխատանքն ազատություն է շնորհում») գրությամբ տխրահռչակ դարպասով: Երբեք չեմ մոռանա իմ այցելությունը:
Ես տեսա ցեղասպանության մեքենայի սարսափազդու մնացուկները, ինչպես նաև 1930-ականների եվրոպացի հրեաների կյանքը պատկերող շարժանկարներ՝ ամուսնություններ, ընտանեկան ճաշկերույթներ, ծեսեր, պարզ առօրյա կյանքի այլ տեսարաններ. այս ամենը ոչնչացվեց մարդկային պատմության մեջ եզակի համակարգված սպանդի միջոցով:
Ես տեսա այն բարաքները, որտեղ հրեաները, գնչուները, սինտիները, հոմոսեքսուալները, այլախոհները, ռազմագերիները և հաշմանդամություն ունեցող անձինք ամենավայրագ պայմաններում անցկացրել են իրենց վերջին օրերը:
Միավորված ազգերի կազմակերպությունն ստեղծվել է այսօրինակ որևէ սարսափի կրկնությունը կանխարգելելու նպատակով: Այդուհանդերձ, ողբերգությունները, որոնք տեղի են ունենում Կամբոջայից մինչև Ռուանդա և Սրեբրենիցա, ցույց են տալիս, որ ցեղասպանության թույնը շարունակում է իր գործունեությունը:
Մենք պետք է առավել, քան երբևէ աչալուրջ լինենք մոլեռանդ, ծայրահեղական գաղափարախոսությունների, հասարակական լարումների և փոքրամասնությունների հանդեպ խտրականությունների հարցում: Եվ պետք է լավ ուսուցանենք մեր երեխաներին: «Հոլոքոստը և Միավորված ազգերի կազմակերպությունը» հանրային իրազեկման ծրագիրը մշակել է կրթական արդյունավետ նյութեր եւ ստեղծել գործընկերային ամուր կապեր, որոնք նպաստում են այս դասերը ողջ աշխարհի սովորողներին փոխանցելուն:
Աուշվիցի դիակիազարանի մոտ կանգնած՝ ես լի էի խոր տխրությամբ այն ամենի պատճառով, ինչ տեղի էր ունեցել այնտեղ: Բայց միաժամանակ՝ ինձ ոգեշնչում էին բոլոր նրանք, ովքեր ազատագրեցին մահվան ճամբարները ողջ մարդկության համար: Եկեք մեկտեղենք ուժերն այսօր՝ հանուն համատեղ ճամփորդության դեպի հավասարության եւ արժանապատվության աշխարհ՝ բոլորի համար»:
Հոլոքոստ (The Holocaust - Ողջակիզում), մոտ 6 միլիոն Եվրոպական հրեաների, նաև միլիոնավոր գնչուների, լեհերի, սովետական քաղաքացիների, այլախոհների, աղանդավորների ծրագրավորված կոտորածներն էին նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Աուշվից-Բիրկենաու ճամբարային համալիրը նացիստական Գերմանիայի կառուցած մահվան ամենախոշոր ու նշանակալից համալիրն էր: 1940թ. հունիսից 1945թ. հունվարն ընկած ժամանակահատվածում գերմանացիներն այստեղ ավելի քան մեկ միլիոն մարդ, հիմնականում հրեա են ոչնչացրել:
1945թ. հունվարի 27-ին Խորհրդային Բանակի զորքերն ազատագրեցին Աուշվիցը, որը գտնվում է Կրակովից 70 կիլոմետր հեռավորության վրա: Ֆաշիստական ճամբարներում 6 միլիոն հրեա եւ միլիոնավոր այլ ազգությունների մարդիկ են ոչնչացվել: Մազապուրծ եղած պատանդների վկայությամբ, այդ ճամբարներում մարդկանց հանդեպ բարբարոսական «փորձեր» էին կատարվում: 1948թ. դեկտեմբերի 9-ին, Հոլոքոստի հիշողության ազդեցության ներքո, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաեւ պատժել ցեղասպանություն իրականացնողներին
2005 թվականի հունվարին ՄԱԿ անդամ պետությունները ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովի հատուկ նստաշրջան անցկացրեցին` նվիրված նացիստական կենտրոնացման ճամբարների ազատման 60-ամյակին: Նստաշրջանում ընդունվեց հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր հայտարարելու մասին բանաձևը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները