«Միջնորդներն ինչ-որ տեղ խրախուսում են Ադրբեջանի խափանարար քաղաքականությունը» (տեսանյութ)
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ճիշտ որակումներ չեն տալիս սահմանի երկայնքով տեղի ունեցող իրադարձություններին, հատկապես՝ Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումներին և դրա հետևանքներին: Ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Համանախագահներն իրենց այդ իբր հավասարակշռված մոտեցումով իրականում ինչ-որ տեղ խրախուսում են Ադրբեջանին և նրա կողմից իրականացվող խափանարար քաղաքականությունը»,- ասաց նա:
Կ. Մանոյանի խոսքով, միջնորդները պետք է ապահովեն ԼՂՀ լիիրավ մասնակցությունը բանակցություններին՝ որպես զսպող լծակ Ադրբեջանի վրա.
«Վաղուց ժամանակն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես լիիրավ կողմ, մասնակցի բանակցություններին: Միջնորդներն առնվազն պետք է սա ապահովեն, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ երկար չի կարող պահել իր այդ վարքագիծը»:
Ըստ նրա, եթե այս է լինելու Ադրբեջանի պահվածքը, շարունակելու է զինադադարը խախտել, Հայաստանի իշխանությունները պետք է հրաժարվեն Ադրբեջանի պաշտոնյաների հետ հանդիպումներից (նկատի ունի ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումներ), որպեսզի Հայաստանը ցույց տա միջազգային հանրությանը, որ Ադրբեջանի նման խափանարար քաղաքականությունն ընդունելի չէ:
«Դժբախտաբար, չեմ կարծում, որ մեր իշխանությունները նման քայլի կգնան, քանի որ ցանկություն կա լավ ընդունվել, լավ հասկացվել Արևմուտքի կողմից»,- ասաց Կ. Մանոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում