ԵԽԽՎ-ի ձմեռայինում Զարուհի Փոստանջյանին կփոխարինի Մհեր Շահգելդյանը
Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որը կանցկացվի հունվարի 27- ից մինչև 31-ը:
Մինչ նստաշրջանի մեկնարկը տեղի է ունեցել պատվիրակների մանդատների հաստատումը: Այսպես, ՀՀ պատվիրակության կազմում տեղի է ունեցել փոփոխություն. «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի փոխարեն հաստատվել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի մանդատը:
Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցին ՀՀ պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, որ ՀՀ պատվիրակության մանդատների հաստատման հետ կապված որևէ առարկություն չի եղել:
«Երբ վեհաժողովում հայտարարվեց, թե կա արդյոք որևէ մեկը, ով ցանկանում է վիճարկել որևէ պատվիրակի մանդատ, ոչ ոք չառարկեց: Այնպես որ, մանդատները հաստատված են, և մենք բնականոն շարունակում ենք մեր աշխատանքը»,-ասաց Ա.Հովհաննիսյանը:
Նշենք, որ այս պահի դրությամբ Զարուհի Փոստանջյանը չի ժամանել Ստրասբուրգ: