Ադրբեջանական դիվերսան հետ շպրտած զինվորները պարգևատրվեցին
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խմբին հետ շպրտած հայ զինծառայողներն այսօր պարգևատրվեցին «Գարեգին Նժդեհ» մեդալով: Մեդալները հանձնեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր նիստի ժամանակ:
Նախարարը «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրեց մայոր Մնացական Ավագյանին, դասակի հրամանատար լեյտենանտ Արման Հովհաննիսյանին, Սասուն Հակոբյանին, Դավիթ Իսրայելյանին, Մխիթար Վարդանյանին, Էդիկ Դադամյանին, Ռաֆայել Ավդալյանին, Հրայր Համբարյանին, Արսեն Հովհաննիսյանին, Արտակ Շիրվանյանին, Արթուր Օհանյանին:
Դիվերսիոն հարձակման ընթացքում մարտում զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:
Նախարար Սեյրան Օհանյանը նկատեց, որ հրադադարից հետո 20 տարիների ընթացքում հայկական բանակը հզորացել է. «Այն հարգանքի է արժանացել ոչ միայն աշխարհի բանակների կողմից, այլև վաստակել է հայ ժողովրդի սերն ու վստահությունը: 20 տարի առաջ կնքված հաղթական հրադադարը ձեռք էր բերվել հայ ժողովրդի միասնության, արիության և բազմաթիվ դժվարություններին դիմակայելու շնորհիվ»:
Հիշեցնենք, որ Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:
«ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Ա. Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև`
Լևոն Մելիք-Շահնազարյան. Դիվերսիայի կանխման հետևանքով ադրբեջանցի 7 զինվոր է սպանվել (Տեսանյութ)