Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է (լուսանկարներ, տեսանյութ)
«Ես դասական երաժշտության հեղինակ եմ, իսկ դասական երաժշտության հեղինակները նվազ հաղորդակից են հանդիսատեսի հետ»:
Խոսքերի հեղինակը ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանն է:
Թեև նվազ հաղորդակից է հանդիսատեսի հետ, բայց տաղանդավոր կոմպոզիտորի անունը գիտեն բոլոր, նրա ստեղծագործությունները՝ հենց առաջին իսկ նոտայից, ճանաչում են բոլորը:
1939 թ. հենց այս օրը Բեյրութում ծնվել է Տիգրան Մանսուրյանը: 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան։ Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել 1956-1960-ին Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Ղազարոս Սարյանի դասարանում, ում ղեկավարությամբ և ավարտել է 1967 թ. ասպիրանտուրան։ Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների։ 1992-1995 թթ. Տիգրան Մանսուրյանը ղեկավարեց Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան:
Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաններից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ (ինչպես օրինակ` նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ) է ներմուծել Հայաստան։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում,Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։ Հեղինակ է գլխավորաբար նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։
Գրել է նաև մի շարք ֆիլմերի երաժշտությունը, ինչպես՝ «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Նռան գույնը»,«Հին օրերի երգը» և այլն:
Առաջիններից մեկը ազգային արվեստում Տ. Մանսուրյանը հետևողականորեն դիմեց հայկական միջնադարյան բանաստեղծությանը՝ Ֆրիկի, Թլկուրանցու, Կեչառեցու, Քուչակի գործերին:
Ակտիվ որոնումները վոկալ-գործիքային երաժշտության ժանրերի բնագավառներում առավել ցայտուն դրսևորվեցին գրեթե միաժամանակ ստեղծված երկու ստեղծագործություններում: Եռամաս «Տետր ողբագին տաղերգության» (ըստ Խ. Կեչառեցու) երկում Մանսուրյանը դիմում է լարային կվարտետի, երկու ֆլեյտայի ու գոնգի, որոնց միանում են տղամարդկանց երեք ձայն՝ ունիսոն հնչողությամբ (երկորդ և երրորդ մասերում): Իրենց բնույթով հակադիր թվացող արտահայտչամիջոցները, ընտիր սոնորային հնչյունները և սաղմոսատիպ, ստատիկ, հայեցողական տիպի շարադրանքը, միահյուսվելով, նպաստում են ստեղծագործության ոճական ամբողջականությանը:
Քուչակյան չորս հայրենները կոմպոզիտորի այն գործերից են, որոնց բովանդակության խորացումն իրականացվում է բնորոշ արտահայտչամիջոցների օգնությամբ: Միջնադարյան բանաստեղծության ու երաժշտության հարուստ ավանդույթների՝ մեր ժամանակակցի դիրքերից ընթերցումը հանգեցրել է գեղեցիկ, հուզառատ նմուշների ստեղծման:
Տ. Մանսուրյանը զգայուն է ոչ-միայն հայերեն բանաստեղծական խոսքի հանդեպ: Կ.Զարյանի՝ իտալերեն գրված բանաստեղծությունն երաժշտականացված է իտալերենի հնչյունային երանգավորման համաձայն («Երեք մադրիգալ» վոկալ շարքի մեկ ռոմանսը):
Պոեզիայի իսկական սիրահար Մանսուրյանը դիմելով Հ. Թումանյանի, Վ. Տերյանի, Կ. Զարյանի, Հ. Սահյանի, ինչպես և չեխ Վլադիմիր Հոլանի (բնագրով), իսպանացի Գ. Լորկայի (թարգմանությունը՝ Հ.Սահյանի) բանաստեղծություններին՝ խորապես զգում է խոսք-ելևէջի միջոցով մտքի ու հույզի մարմնավորման բազմատեսակ հնարավորությունները:
2011 թվականին Մյունխենի սիմֆոնիկ նվագախմբի պատվերով Տ. Մանսուրյանը գրել է «Ռեքվիեմ»:
Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական եռանդի, գեղագիտական սկզբունքների հաստատման ուշագրավ բնագավառներից են արվեստի հարցերի լայն շրջանակ ընդգրկող, գեղեցիկ հայերենով գրված նրա հոդվածները:
«Իմ համոզմունքն է,- գրել է կոմպոզիտորը,- որ ամեն մարդ աշխարհ գալիս իր բաժին հարցերն է ստանում: Ոմանց համար ստեղծագործելը լոկ այդ հարցերին պատասխանելն է: Ես իմ ստեղծագործությամբ աշխատում եմ հարցեր ավելացնել: Արվեստը պետք է հարցեր ծնի, հարցեր առաջացնի»:
«Այն վայելչությունը, որ Մանսուրյանը բացահայտում է մի պտղունց նոտայով, որքան մնայուն, նույնքան էլ գորովալից է»,- Տ. Մանսուրյանի մասին ասել է ամերիկացի արվեստագետ Ալան Լոքվուդը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները