Ուկրաինական ընդդիմությանը վերջնաժամկետ է տրվել՝ Յանուկովիչին պատասխանելու համար
Ուկրաինական ընդդիմությանը վերջնաժամկետ է տրվել՝ Յանուկովիչի առաջարկին պատասխանելու համար: Հունվարի 28-ին վերջինները պետք է պատասխանեն կառավարական պոստեր զբաղեցնելու համար արված առաջարկությանը: Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով կառավարող «Ռեգիոնների» կուսակցության պատգամավոր Օլեգ Ցարևի խոսքերին, ով նաև մասնակցել էր ընդդիմություն-իշխանություն բանակցություններին:
«Ընդդիմությանն արված մեր առաջարկների վերջնաժամկետը երեքշաբթի օրն է՝ Գերագույն ռադայի նիստի օրը»,- նշել է Ցարևը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկին առաջարկվել էր երկրի վարչապետի պաշտոնը, իսկ «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Կլիչկոյին՝ փոխվարչապետի պաշտոնը՝ հումանիտար հարցերի գծով: Յացենյուկի համաձայնության դեպքում Յանուկովիչը պատրաստակամություն էր հայտնել լուծարել Ազարովի կառավարությանը:
Ընդդիմության ներկայացուցիչները քննադատորեն էին մոտեցել նախագահի առաջարկներին, սակայն վերջնական պատասխան դեռ չեն հնչեցրել:
«Մենք չենք մերժում, բայց ոչ էլ ընդունում ենք այդ առաջարկները»,-Յացենյուկի խոսքերն է փոխանցում ուկրաինական «Կոմսոմոլսկայա պրավդան»:
«Մեզ վրա պատասխանատվություն վերցնելու հարցում հիմնական նախապայմանը այն է, որ ստորագրվի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, ազատվեն ձերբակալվածները, փոփոխություններ իրականացվեն սահմանադրության մեջ և վերադարձ կատարվի 2004 թվականի սահմանադրությանը, ինչպես նաև փոփոխվեն բոլոր դիկտատորական օրենքները (ընդունված հունվարի 16-ին)»,- ընդգծել է Արսենի Յացենյուկը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը կայանալիք Գերագույն ռադայի նիստում արդեն իսկ ընդգրկված են հունվարի 16-ին ընդունված օրենքները փոխելու մասին երեք օրենսդրական նախագծեր: Իսկ 2004թվականի սահմանադրությանը վերադառնալու հանգամանքը, ըստ փորձագետների, հնարավորություն կտա ստեղծել կոալիցիոն կառավարություն, որի կազմում կընդգրկվեն նաև ընդդիմադիր ուժերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում