Արգելված հայկական պանիրը ամերիկյան շուկա կվերադառնա այս ամառ
Տաշիրի տարածաշրջանում գործող «Դուստր Մելանիա» պանրագործական ընկերություն օրեր առաջ այցելած փոխվարչապետին, ըստ պաշտոնական հաղորդագրության, ասել են, իբր ընկերությունը զգալիորեն բարելավել է պանրի որակը, և ներկայումս արտադրանքը արտահանվում է, մասնավորապես` Ռուսաստան և ԱՄՆ:
Հայկական արտադրության այս պանիրը, որի ներմուծման վրա մոտ երկու տարի առաջ ԱՄՆ-ի Առողջապահության և հանրային ծառայությունների դեպարտամենտի սննդամթերքի և դեղորայքի վարչությունը արգելանք է դրել , առայժմ չի արտահանվում ԱՄՆ: ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ ընկերությունը ԱՄՆ պանիր արտահանելու համար իրենց չի դիմել:
Ընկերության տնօրեն Ռուբեն Հարությունյանին բարկացնում են իր արտադրանքի շուրջ եղած խոսակցությունները, նա սխալ է որակում «արգելանք» տերմինի օգտագործումը:
«Եթե եղել է արգելանք, ո՞նց ենք 2011-ից հետո 2012-ին մոտ 40-41 տոննա պանիր արտահանել Կալիֆոռնիա: 2013-ին արտահանել չենք կարողացել, քանի որ գործարանը տեխնիկական վերազինման ընթացքում է»,-ասաց ընկերության տնօրենը:
Տնօրենը Panorama.am-ին ասաց, որ ընկերության մենեջերը օրերս է վերադարձել Լոս Անջելեսից, բանավոր պայմանավորվածություններ է ձեռք բերել.
«Աստված հաջողի, վերազինումնը վերջացնենք, փորձնական արտադրանքը թողարկվի, դրանից հետո ամենայն հավանականությամբ կսկվի բանակցությունները` նորից արտահանելու ուղղությամբ»:
Ռուբեն Հարությունյանի խոսքով, ամերիկացիները պանիրը չեն ընդունում ոչ թե արտադրանքի վնասակար լինելու պատճառով, այլ Հայաստանում և ԱՄՆ-ում սննդամթերքի համար գործող չափանիշներն են տարբեր:
«Մեր սննդամթերքի անվտանգության ծառայությունը մի քանի գլուխ բարձր է տարածաշրջանի երկրներից իր կահավորանքով, լաբորատորիաներով, մասնագետներով: Բայց ստանդարտները տարբեր են: Երբ ես արտադրանք եմ պատրաստում, դա անում եմ մեր երկրում գործող ստանդարտներին համապատասխան»,-ասաց ընկերության տնօրենը, նշելով, որ այս դեպքում հակասություն է առաջացել հայաստանյան ու ամերիկյան չափանիշների միջև:
Տարեկան 270-300 տոննա պանիր արտադրող տեղական ընկերության տնօրենը հույս ունի, որ վերազինումից, մասնագետների վերապատրաստումից հետո արդեն իրենք արտահանվող պանիրը կարտադրեն ամերիկյան չափանիշներին համապատասխան, որպեսզի նման խնդիր չառաջանա:
«2000 թվականից մենք տարեկան ավելի քան 100 տոննա պանիր ենք կանոնավոր կերպով արտահանել Մոսկվա և Կալիֆոռնիա, շարունակելու ենք արտահանել: Ամենայն հավանականությամբ այս տարի մայիսի վերջին կամ հունիսի վերջին արդեն կկարողանանք արտահանել ԱՄՆ»,-հույս հայտնեց ընկերության տնօրենը:
Նախորդող հրապարակում`
ԱՄՆ-ում արգելանք է դրվել պանիր արտադրող հայկական երկու ընկերությունների արտադրանքի վրա