Ջ. Ուորլիք. Էսկալացիան կողմերից որևէ մեկի շահերից չի բխում
Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է կենտրոնանան հիմնախնդրի խաղաղ կարգավորման լուծումների փնտրտուքի վրա: Այս մասին, Թվիթերի իր էջում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ափսոսանք հայտնելով շփման գծում տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ, վերջինս նշել է, որ իրավիճակի էսկալացիան կողմերից որևէ մեկի շահերից չի բխում:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20ի գիշերը, ադրբեջանական դիվերսիոն խմբերը, ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով ակտիվ գործողություններ են ձեռնարկել, ինչի արդյունքում դիվերսանտների ու հայ դիրքապահների միջև բախում է եղել: Միջադեպին հաջորդող օրերին լարվածությունը սահմանագծին շարունակվել է, ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել ոչ միայն մարտական դիրքերի, այլ բնակավայրերի ուղղությամբ, ավելին, Ադրբեջանը օդ է բարձրացրել նաև օդուժը: Հայաստանը հայտարարել է, որ պատասխանելու է միայն նպատակային կրակահերթերին: