Հասարակություն 15:35 28/01/2014

3 սերնդի զինվորների հուշերն ու հազարամյա բանակի պատմությունը (զինվորի ալբոմ)

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

Մենք` հայերս, բազմաթիվ անգամներ ենք ստիպված եղել ամեն ինչ սկսել 0-ից. թերևս այդ պատճառով է, որ հին ենք ու նոր: Հին ու նոր է նաև  Հայաստանի Հանրապետության 22-ամյա բանակը,  որը հազարամյակների պատմություն ու ավանդույթներ ունի: Մեր անկախ Հանրապետության բանակը վեր  խոյացավ այնպես, ինչպես չէր հաշվարկել ու չէր կարող հաշվարկել հակառակորդը:




«Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»


Խաղաղության զինվորները


Մեր դիպուկահար աղջիկները

Մարդիկ, ովքեր զենք էին վերցնում, սկզբում խելառ էին ընկալվում մյուսների կողմից. հետո պարզվեց ճիշտը հենց նրանք էին:1988-ի Սումգայիթյան ցեղասպանությունից հետո Հայաստանը շոկի մեջ էր. ոչ մեկ չէր պատկերացնում, որ Խորհրդային միությունում` այդ միության 68-րդ տարում թուրքերը կանեին, այն, ինչ արել էին 1915թվականին: Այլ ելք չկար՝ լինել չլինելու հարց էր ու սկսվեց Արցախյան հերոսամարտը: Մարտի դաշտ իջավ Կարմիր Վարդանների մի նոր սերունդ, ընկան հերոսներ, ովքեր իրենց կյանքի գնով մեզ վերադարձրին ապրելու մեր իրավունքն ու մեր արժանապատվությունը:

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության միլիցիայի պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը:

Քիչ ավելի ուշ հիմնվեց Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը` Գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները: 1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

«Վազգեն Սարգսյանը, ով ազատամարտին մասնակցեց որպես կամավորական, նույնիսկ սովետական բանակում չէր ծառայել: Բայց նա ստանձնեց պարտականություն, նա շատ արագ կարողացավ բարձրացնել ռազմական ոլորտում իր մակարդակը: Ղարաբաղ կոմիտեի կողմից գնահատված իր կազմակերպչական կարողությունների շնորհիվ` նա ստանձնեց ողջ մարտական գործողությունների ղեկավարությունը: Ստեղծված մարտական ջոկատները սկսեցին կամաց-կամաց ենթարկվել Վազգեն Սարգսյանին»սպարապետի մարտական ընկեր Գևորգ Բաղդասարյանի հուշերից

«Կար, կա, կհարատևեն՝ Անդրանիկը, Գարեգին Նժդեհը, Մոնթեն»,- խոսքերի հեղինակը
Վազգեն Սարգսյանն է:


«Հոսող գետը չի հոգնում: Մենք հոսելով ու ալեկոծվելով պիտի մաքրվենք և դրա մեջ գտնենք մեր պայքարի բարոյականությունը… Մենք պայքարում ենք ինքնորոշման ճանապարհով վերականգնելու մեր ազգի կորուստներից ամենասրբագույնը` ազատությունը»,- 1988-ի ազգային ազատագրական պայքարի շարժման սկիզբը և ժողովրդի մեջ պայքարի կամքը Մովսես Գորգիսյանն այս համոզմամբ էր դնում:






ԲԵԿՈՐԸ (Աշոտ Ղուլյան)






Ազատամարտիկ Արայիկ Խանդոյանն այսօր  4 աղջկա  և 1 տղայի հայր է




«Լեգենդար հրամանատար Վլադիմիր Բալայան, քո Ժողովուրդը երբեք քեզ չի մոռանա...»
(նրա նկարի տակ համացանցում այսպիսի գրառումներ են թողնում հայուհիները)



Այս մարդկանց հաղթել չի լինի

 

 

Լավագույն ավանդույթները շարունակվում են

«Մեր բանակը հիմնականում մոնոէթնիկ է՝ այսինքն ազգային է: Բանակ է, որ ձևավորվել է խրամատում: Բանակ է, որ ձևավորվել է Հայրենիք պաշտպանելով: Խրամատով սահման է պահվում…իսկ խրամատից այն կողմ թուրքն է, որ պատրաստվում է զավթողական պատերազմի»,-ասում է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:



Արմեն Դերզյան. Արցախի ազատմարտի մասնակից:
Այսօր նրա որդին պատիվ ունի ի լուր աշխարհի ասել`
«Իմ հայրն իմ հերոսն է»

Տիգրան Աբրահամյան. Մի օր զենքով, մի օր գրիչով` ընդդեմ թշնամու














Վահագն Սարոյան. նա այսօր էլ պատրաստ է զենք վերցնել, եթե հարկ լինի




«Որպեսզի բանակը բառիս բուն իմաստով լինի ազգային, մեծ ուշադրություն է դարձվում զորքի գաղափարական դաստիարակմանը. մեր պատմական բոլոր ժամանակաշրջանների բոլոր հերոսների գործն ու փառքը ոգեշնչման աղբյուր պիտի լինեն: Իսկ մենք հարուստ ենք այդ առումով. հմուտ ստրատեգներ, քաջ մարտիկներ, պանծալի զորավարներ միշտ ենք ունեցել»,-հավելում է բանախոսը:

Փորձագետը ինձ հետ այնքան էլ համաձայն չէ, որ հայի գենի մեջ կա հմուտ ռազմիկ լինելը՝ ասելով, թե գենետիկան իր ոլորտը չէ: Ասիմետրիկ մարտում, պարտության ենթակա կռվում հաղթանակ կռելը նա կապում է օրհասական իրավիճակում չբացահայտված, բայց գոյություն ունեցող հմտություններով:

«Ղարաբաղյան պատերազմը հայի զորավարական ստեղծագործ մտքի հաղթանակն է, փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծել կարողանալն է: Ադրբեջանական կողմը անհամեմատ մեծ կորուստներ է կրել պատերազմում: Հիմա այս սկզբունքը Պնախարարը դրել է մեր բանակաշինության հիմքում»

«Այսօր ռազմարվեստն այնքան «գլոբալացված» է, որ ազգայինը մեծ տեղ ունենալ չի կարող, բայց օրինակ Արցախյան գոյամարտի տարիներին, մանավանդ առաջին երկու տարիներին (1990-1992թթ.) պայքարի բազմաթիվ ձևեր էին փոխ առնվել Դավիթ Բեկի, ֆիդայիների խմբերի ու Գարեգին Նժդեհի մարտավարական համակարգերից»,-կարծիք է հայտնում ռազմական պատմաբան Սուրեն Մարտիկյանը:

Իրականում հայոց ռազմական ուժի, կառուցվածքի մասին հայտնի լեգենդները հարկ է փնտրել պատմության արահետներում:

Դարերի խորքից ողջ աշխարհին իր փայլուն ռազմարվեստով ու ռազմավարական նորարություններով հիացրածը, անշուշտ, Տիգրան Մեծն էր:



«Տիգրան Մեծը ժառանգել էր համեմատաբար խաղաղ պետություն, որը նաև տնտեսապես հզորացվել էր: Այս հիմքի վրա նրա առաջին քայլը նոր բանակի ստեղծումն էր, որակապես նոր կառուցվածքով բանակի, որն ի վիճակի էր ոչ միայն զուտ պաշտպանական գործողություններ վարելու, այլև ակտիվ հարձակողական: Հետևակը բաժանվեց թեթևազեն և ծանրազեն գնդերի: Գնդերի մեջ առանձնացվեցին միատեսակ զինված և նույն պաշտպանական հանդերձանքով միջանկյալ ստորաբաժանումներ` ջոկատներ, որոնք համապատասխանում են ժամանակակից բանակների համակարգերում գումարտակներին. մի քանի հարյուրյակ` 3-6, որոնք իրենց հերթին բաժանվում էին հարյուրակների, հիսնյակների և այլն:

Թեթևազեն և ծանրազեն գնդերի բաժանումը հնարավորություն տվեց հստակորեն տարանջատել նաև նրանց գործողությունները մարտադաշտում: Հետևակի կառուցվածքում առանձնացվեցին սակրավորների ջոկատներ, որոնք ունենում են բահեր, կացիններ ու սակրեր: Կային նաև խոյերն ու բաբանները սպասարկող ստորաբաժանումներ: Բացի այդ կիրառվում էին հրդեհ առաջացնող միջոցներ (նավթ, մայրի ծառի ընկույզի յուղ և այլն), որոնք, ի դեպ, մեր մարտավարության մեջ հայտնի են առնվազն Արարատյան թագավորության շրջանից` մ.թ.ա. 9-6-րդ դարեր:

Հեծելազորը ևս բաժանվեց գնդերի: Տիգրան Մեծի դարակազմիկ նորարարությունն այն էր, որ ոչ միայն հեծելազորը բաժանվեց երկու մասի` թեթևազեն և ծանրազեն, այլև ծանրազեն հեծելազորի մեջ առանձնացվեց զրահավոր հեծելազորը, այսինքն` հեծելազորի մի տեսակ, որի դեպքում զրահավորվեց նաև ձին: Այսինքն` Եվրոպայում ասպետական բանակների ստեղծումից մոտ հազար տարի առաջ Տիգրան Մեծն ստեղծեց ասպետական հեծելազոր հիշեցնող զորամաս, որը մարտադաշտում ամենակարևորն էր և ունեցավ իր հստակ մարտավարական դեմքը»,-Panorama.am-ի հետ զրույցում նշեց ռազմական պատմաբան Սուրեն Մարտիկյանը:

Հայոց բանակը Տիգրանից հետո շատ ճակատամարտերի մեջ թրծվեց, շատ հաջողություներ ու անկումներ գրանցեց, Մամիկոնյանների պես սպարապետական տոհմ տվեց, եղավ տարբեր ձևաչափերի մեջ և կարողացավ մեզ` թեկուզ ջլատված, արևելյան ու արևմտյանի բաժանված, Ցեղասպանություն ապրած պահպանել:

Հարկ է նշել, որ հայ մարտիկի կերպարը ամբողջական չի կարող լինել, եթե մոռանանք խեղճացած հայի ոգու պոռթկում ազատագրական պայքարները, ոչ կանոնավոր բանակը, ֆիդայիններին, հայդուկներին՝ ժամանակի ծնած հերոսներին՝ Դավիթ Բեկ, Մխիթար Սպարապետ, Անդրանիկ Զորավար, Դրո, Գարեգին Նժդեհ, Գևորգ Չաուշ և այլ արժանավոր հայորդիներ:

Ազգային ազատագրական պայքարի շրջանում, երբ հայ ժողովուրդը թուրքական զավթիչների դեմ կյանքի ու մահվան կռիվներ էր մղում հերոսամարտերում, Անդրկովկասյան Դաշնության փլուզումը դարձավ անխուսափելի ու1918թ. մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց (կենտրոնական) Ազգային խորհուրդը որոշում կայացրեց հռչակել Հայաստանի անկախությունը։  Հայոց անկախ պետականության կայացման ամենազորեղ կռվաններից մեկը սեփական ազգային բանակի ստեղծումն էր։

Բաթումի պայմանագրից հետո Թուրքիայի պահանջով Հայաստանը կարող էր ունենալ ընդամենը մեկ դիվիզիա։ Այդ իսկ պատճառով 1918թ. ամռանը հայկական կորպուսը վերակազմավորվեց մեկ հետևակային դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը (1862-1937)։ Դիվիզիայի զորայինների ընդհանուր թիվը հասնում էր 16 հազարի։ Հանրապետության ռազմական նախարարն էր գեներալ Հովհաննես Հախվերդյանը (1873–1937), իսկ հայոց բանակի գլխավոր հրամանատարը (սպարապետ)՝ գեներալ Թովմաս Նազարբեկյանը (1855-1931)։ Կազմալուծվեցին ՀՀ տարածքում գտնվող կամավոր հայդուկային խմբերը։ 1919թ. հունվարից, երբ արդեն թուրքական զորքը հեռացել էր Անդրկովկասից, և ավարտվել էր նաև հայ-վրացական պատերազմը, կատարվեց բանակի մասնակի զորացրում։ Դրա փոխարեն հայտարարվեց 20-25 տարեկան զինապարտ քաղաքացիների զորակոչ։ ՀՀ զինված ուժերը աստիճանաբար համալրվում էին թե՛ զորքով և թե՛ զինտեխնիկայով ու նյութատեխնիկական միջոցներով։ Արդեն 1920թ. հունվարին հանրապետության զորքի թիվը հասնում էր 25 հազարի, իսկ աշնանը, թուրք-հայկական պատերազմի շրջանում, շուրջ 40 հազարի, այդ թվում՝ 33 գեներալ և 2000-ից ավելի սպա։ Բանակում կարևոր խնդիրներից էին նաև կարգապահության ամրապնդումը, մարտական ոգու բարձրացումը, մայրենի լեզվի արմատավորումը և այլն։

Այդ ուղղությամբ ևս զգալի աշխատանքներ կատարվեցին։ Սակայն ժամանակի պակասը և մի շարք աննպաստ հանգամանքներ հնարավորություն չտվեցին ավարտին հասցնել հայկական ազգային բանակի կայացումը. Ցավոք, Հայաստանի Առաջին Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ 1918թ. մայիս - 1920թ. դեկտեմբեր): 1920թ. սեպտեմբերի 23-ին քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Նոյեմբերի վերջին, երբ Հայաստանը արդեն պարտվել էր, երկրի խորհրդայնացումը դարձավ օրակարգի հարց և հայ ժողովուրդը լուռ համաձայնությամբ ընդունեց խորհրդային իշխանությունը։ Խորհրդային Հայաստանի զավակները ևս ռազմական թատերաբեմից հանգիստ չունեին. Առջևում աշխարհամարտն էր:

Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 600 հազարի:Հետո բաղձալի խաղաղությունն էր: Խաղաղ պայմաններում էլ մենք ծառայեցինք ու ռազմական արվեստի հմտություններին տիրապետել սովորեցինք Խորհրդային բանակում:

Մեծ Հայրենականի մասնակիցները


Լուսանկարվել են արդեն հայրենի գյուղ վերադարձած: Պարզապես «քաղաքացիական» հագուստ չունեին արդեն: Երևի դրանք ձևափոխվել ու հարմարեցվել էին փոքր եղբայրերի ու որդիների համար... Նրանց համար, ովքեր պատերազմ ուղարկելով իրենց մեծերին, միանգամից մեծացան ու փոխարինեցին նրանց ծանր գործերում:



Պատերազմից հետո Աղասին հաճախ էր կրում զինվորական հագուստը: Ու դեմքին թառած բարի  ժպիտի խորքում տեսածի թախիծը միշտ կար:

Խորհրդային բանակի զինվորների ալբոմներից




























Լուսանկարի տղաներից մեկը Հովհաննես Թագվորյանն է, ով 1979-81թթ. ծառայել է Խորհրդային բանակի
դեսանտային գնդում: Ի դեպ, այսօր էլ` նայելով նկարին, նա հստակ` անուն-առ-անուն,  հիշում է բոլոր
ձեռք-ձեռքի տված տղաներին:




Զգույշ... չեն կրակի: Խորհրդային բանակ, Օրյոլ:


Խորհրդային բանակ, Կուրսկ:


Խորհրդային բանակ, Կուրսկ:



Սվինամարտին պատրաստ:




Հայը «գովազդում» է ռուսին: Թեպետ` ժպիտը փոքր -ինչ այլ բան է ասում:



Լավագույն արդյունք` երեք կրակոց, երեք ՏԱՍ: 




Սանիտարը միշտ ու ավելի կոկիկ է:


Գարունը բանակում էլ է զգացվում:


Ցեխի մեջ, բայց գոտիները ձիգ. Խորհրդային բանակ:










Իսկ ո՞ւր մնաց «հավսար-զգաստը»


Տեսնես տո՞ւնն է հիշել, հայրենի՞քը, թե՞ սիրած աղջկան ավագ սերժանտ  Հուսիկ Տեր-Ղազարյանը


Զինծառայողները` քաղաքային պարեկներ:




Բադալյան Լեվ. Սահմանամերձ Մովսես գյուղից Խորհրդային բանակ զորակոչված այս զինվորը
եղբայրների հետ այսօր էլ պատրաստ է դիմակայել ցանկացած թշնամու, պաշտպանել ողջ գյուղը



Ընտանիքի պարծանքը` կուկ` սուզանավի վրա:



Խորհրդային նավաստի: Նավաստիների ծառայությունը երեք տարի էր:




















Ծխախոտով լուսանկարվելը` տրենդ ու բրենդ Խորհրդային բանակում.
Այս լուսնկարները նրանք ուղարկում էին տուն ու բոլորը տեղեկանում էին`
տղան արդեն «պաշտոնապես» ծխում է
















Խորհրդային «Կարմիր» բանակի առօրյայի մասին շատ ֆիլմեր եմ դիտել, հայրիկիս ալբոմը բազմիցս թերթել եմ, բայց բանակ մտովի տեղափոխել հաջողվել է երգիծաբան Սերգեյ Դանիելյանի «Շարքային Դանիելյան» 99 տոկոս  ինքնակենսագրական ներկայացմանը: Հենց նա  էլ  ներկայացնում է  խորհրդային զինվորի կյանքից դրվագներ:


Լուսանկարում շարքային Դանիելյան Սերգեյն է

«Շատ հետաքրքիր բանակ էր, շատ` մոտ 150 ազգ մի վայրում: Առավոտյան, որ «подъем »-ը հնչում էր, օդում 150 տարբեր լեզվով հայհոյանք էր լսվում...Ընդհանրապես լեզվի հարցը լուրջ էր: Ես, ունենալով ռուսական կրթություն, ավարտած լինելով ռուսական բանասիրության ֆակուլտետը, բանակում հասկացա, որ ռուսերեն չգիտեմ, չեմ հասկանում...ուժեղ բան է ռուսական սլենգը. նույն բառը նայած տրամադրության և գովեստ կարող էր նշանակել և պախարակում»,-իրեն հատուկ հումորով ու ժպիտով պատմում է երգիծաբանը, ապա լրջանում ու ասում. «Այդ ժամանակ զվարճալի էր թվում, որ բանակի լեզուն նման է բերդի լեզվին, բանակային կյանքի ոչ ֆոռմալ կարգավորվող բաներ նույնպես նման էին բերդի կյանքին` անգամ զվարճալի ներկայացման հիմք է դարձել այդ ամենը...Բայց....Գիտեք` գուցե 200 միլիոնանոց երկրի համար նոռմալ էր, ընդունելի էր, իսկ հիմա ես ցավ եմ ապրում, որ մեր այսօրվա բանակում էլ դա կա: Այդ «дедовщина»-ն, «землячество»-ն, որոնց միջով անցել եմ, այնտեղ նոռմալ էր: Պատկերացնում եք մեր ազգային բանակում землячество կա. եթե խորհրդայինում  հայի, ռուսի, վրացու ու տաջիկի էին բաժանում,այստեղ՝ երևանցու , լոռեցու, ղարաբաղցու և այլն: Սխալ է սա, երեխեք ջան»

Սերգեյ Դանիելյանն ասում է, որ այդ բազմազգ բանակում հայերը միշտ լիդեր են եղել, իրար էլ թև ու թիկունք են եղել:

«Հայերը ղեկավարության մոտ հայտնի էին հատկապես հայկական կոնյակով. այն  շատ դռներ էր բացում՝ մաղարիչի տեսքով: Հայերից կոնյակ էին սպասում, Միջին Ասիայից եկածներից հաշիշ, իսկ ռուսներից...ոչ մի բան: Շատ կոռումպացված համակարգ էր»:

Առաջին բանը, որ հասկանում ես բանակում, ըստ Դանիելյանի, այն է` որ քեզ բերել մտցրել են քեզ համար ոչ օրգանական մի միջավայր ու դու պիտի կարողանաս ապրել 2 տարի. ու քանի որ երիտասարդ ես, համակերպվում ես ու հաղթահարում:

Բազմազգ բանակի զինվորները



«Ես հեշտ չեմ ծառայել, ամեն օր մի դժվարություն, մի մարտահրավեր եմ հաղթահարել, բայց ամենադժվարը առաջին վեց ամիսն էր՝ «կառանտին» ասածը: Դրանից հետո սկսում է իրական ծառայությունն ու օրերի հետ հաշվարկը:

Սերգեյ Դանիելյանը մինչ այսօր պահում է իր զինվորական գոտին, հիշում ու կարոտում է իր զինվորական ընկերներ Տիգրանին, Ջյամիշին, սերժանտ Լատյուկին ու բոլոր զինվորներին, որ բանակում են կամ պատրաստվում են գնալ, ասում է՝ բարով վերադառնաք, միշտ հիշեք, որ ձեզ սպասում են ու սպային լսեք:

«Գիտեմ, որ շատ սպաներ կան, որ պետք է ավելի լավը լինեին կամ պարզպաես բանակի հետ կապ չունենային, բայց երեխեք ջան, սպաները տարիքով մեծ է, նրանք մի բան ձեզնից ավել գիտեն, մի քիչ խելացի կլինեն ու վատ խորհուրդ չեն տա: Բոլորովին պարտադիր չէ այն այլանդակությունները, որ չեք կարողացել տանը անեք, բանակում փորձեք:Բանակին լուրջ վերաբերվեք, այն ծառայելու վայր է. ձեզ հայրենիք ու զենք են վստահում, գիտակցեք այդ պատասխանատվությունն ու մի դարձրեք այն ուրիշների ստորացնելու հաշվին կայանալու, ինքնահաստատվելու վայր: Ես ոչ черпак, ոչ ձեդ дед եղած ժամանակ ոչ մեկին չեմ ստորացրել ու հավատացեք, երեխեք ջան, դրանից ոչ ինքնությունս եմ կորցրել, ոչ էլ...Հակառակը՝ հետ եմ նայում ու ինքս ինձնից չեմ ամաչում»:

Որ ձևավորման սկզբնական փուլում հայոց բանակի կառուցվածքը շատ մոտ էր խորհրդային բանակին, Ջամալյանը բնական է համարում ու հավելում, որ կային օբյեկտիվ պատճառներ:

«Այն մարդիկ, ովքեր կանգնած էին բանակաշինության հիմքում կադրային սպաներ էին խորհրդային բանակում. մեր այսօրվա Պնախարարն էլ է ծառայել խորհրդային բանակում՝ Գերմանիայում գտնվող հատուկ միավորումում: Բայց դա կույր կրկնօրինակը չէր խորհրդայինի: Մեր բանակը հենց սկզբից էլ շատ ազգային էր իր ավանդույթներով: Օրինակ` Արցախի պաշտպանական շրջանների մոդելը դասական առումով ազգային տեղական գաղափար է, ակունքներն էլ գալիս են Արցախի սղնախներից: Սկզբունքը հետևյալն է`պատերազմական իրադրության ժամանակ այն վերածվում է մեծ ռազմական պալիգոնի և իր ողջ ռեսուրսներով գտնվում պարետի հսկողության ներքո: Արցախում, ըստ էության, այսօր շատ ռազմականացված պետականությունն ու ռազմականացված դեմոկրատիան ապրում են իրար զուգահեռ: Պաշտպանվող երկրի շունչը զգում ես խաղաղ, հյուրընկալ ու ժողովրդավարական Արցախում: Սա շատ էֆեկտիվ մեթոդ է: Դրա համար էլ պատերազմը չի վերսկսում»,-կարծիք է հայտնում ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:

Ջամալյանն այնքան էլ համամիտ չէ Դանիելյանի հետ, որ մեր բանակում «дедовщина» կա. ««Дедовщина»-ն բոլորովին այլ երևույթ էր. այն ավելի շուտ ինքնակամ հարգանքի դրսևորում էր ավելի երկար ծառայած ընկերոջ նկատմամբ: Մեր բանակում փողոցային բարքերի ներթափանցում է այն, ինչ չակերտավոր կոչում են«дедовщина»: Սա մեր հիմնական խնդիրն է ու դրա դեմ պայքարում ենք բաց ու թափանցիկ: Պնախարարը 2014-ը հայտարարել է փողոցային բարքերը բանակից դուրս մղելու տարի: Շատ լուրջ աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց ունենք հասարակության ու հատկապես դպրոցի օգնության կարիքը: Ճիշտ հասկացեք, չենք գցում բեռը մեր ուսերից այդ կառույցների վրա` երբեք: Նախարարն արգելել է երկու արդարացում՝ «բանակը հասարակության հայելին է» և «բոլոր բանակներում էլ լինում է» արատահայտությունների տեսքով : Բայց միայնակ չենք կարող պայքարել բանակային  կյանքը ոչ ֆորմալ կարգավորող այդ արատավոր երևույթի դեմ: Բանակ եկած մարդը պիտի իմանա, որ եկել է ծառայելու, հրամաններ անվերապահորեն կատարելու, պիտի իմանա ինչ է հայրենիքը ու հայրենասեր լինի: Հայի համար հայրենասիրությունը ինքնասիրություն է, եթե այսօր հայրենասեր չլինենք, վաղն ընդհանրապես չենք լինի: Լինել-չլինելու հարց է հայրենասիրությունը»,- հավելում է ռազմական հոգեբանը:


Իշխան Քիշմիրյանը նոր կազմավորված հայոց բանակի առաջին զիվորներից է եղել:






Այսօր նա հիշում է. «Զորակոչվելուց առաջ գիտեի, որ արցախյան ռազմաճակատներում պատերազմը նոր է ավարտվել, և բանակային շինարարությունը, բնականաբար, դեռ առջևում է: Սկզբունքորեն պատկերացումներս համապատասխանում էին իրականությանը: Անհրաժեշտ էր բարելավել խրամատների վիճակը, կատարել բազմաթիվ այլ աշխատանքներ` սահմանների անվտանգության ապահովման մակարդակը բարձրացնելու համար: Եվ այն սերունդը, որը բանակ գնաց հետպատերազմյան շրջանի առաջին փուլում, պարզապես հսկայական աշխատանք կատարեց այդ ուղղությամբ: Ենթադրում էի, որ բանակում, կապված զինծառայողների միջև հարաբերությունների հետ, խնդիրներ կան: Բայց զարմանալի է, որ նման պայմաններում այդ խնդիրները շատ փոքր էին: Հրամանատարներն այն անհատներն էին, ովքեր անցել էին արցախյան ազատամարտի բովով, իմաստություն էին կուտակել և թանկ էին գնահատում զինծառայողներին, օգնում էին նրանց ամեն ինչով: Այդ օգնությունն անձամբ ես շատ անգամ եմ զգացել, և հարաբերությունների այդ մակարդակն օգնում էր, որպեսզի զինվորները նույնպես լավ վերաբերվեն միմյանց: Ուշագրավ ևս մեկ փաստ կնշեմ. մեզանից ոչ ոք չէր պատկերացնի, որ ռազմաճակատներում ակտիվ ռազմական գործողություններ այսքան երկար չեն սանձազերծվի: Պատերազմի հիշողությունները դեռ թարմ էին, և զինվորներն իրենց էներգիան ավելի շատ ուղղում էին զինվորական գիտելիքների ձեռքբերմանն ու սահմանների ամրացմանը:
Ասվածը, իհարկե, չի նշանակում, որ խնդիրներ չկային: Իհարկե, կային, բայց ոչ այնքան, որքան պատկերացնում էի զորակոչվելուց առաջ»:

Նախկին զինվորն ասում է, որ ծառայության ժամանակ ստացած ամենակարևոր դասը եղել է այն, որ միշտ պետք է պատրաստ լինել ամեն ինչի և կարողանալ արձագանքել` ոչ մի դեպքում չկորցնելով լավատեսությունը:

Ասում է նաև, որ մինչև կյանքի վերջը  նրա  հետ կլինեն հրամանատարներն ու ընկերները. «Նրանք ամենաթանկն են: Եվ թանկ են նաև նրանց հետ կապված բոլոր հիշողությունները»:

Տարբերություն կա՞ր` ծառայել խորհրդայի՞ն, թե՞ հայկական բանակում հարցին այսպես է պատասխանում.«Հայ զինվորը մեր բանակում հնարավորություն ստացավ դրսևորել իր ունակությունները, և ինչպես Ադրբեջանի հետ պատերազմի տարիներին, այնպես էլ հետագայում փայլուն հրամանատարներ ի հայտ եկան: Եվ նրանցից շատերը, պատկերացնո՞ւ եք, խորհրդային բանակում ծառայել են շինարարական զորամասերում: Մեր բանակը մեզ հնարավորություն է տալիս լիարժեք բացահայտել մեզ և առավելագույնս օգտակար լինել մեր ժողովրդին»:

Վերջում ասում է՝ «Ուզում եմ, որ ցավն այլևս երբեք թագավոր չլինի մեր տանը, զինվորի մասին երգը յուրաքանչյուր մոր շուրթերից հնչի վստահությամբ ու հպարտությամբ, բանակն առավել ամուր կանգնի հարազատ սահմանների պաշտպանության դիրքերում և օգնի մեզ՝ պահպանելու հաղթողի ոգին: Ուզում եմ, որ զինվորը հայ տղամարդու իսկական օրինակ լինի, որ նրան մոտենալն արդեն իսկ հայրենիքի սահմանին մոտենալու զգացում առաջացնի, և նրա ժպիտը ոչ մի կասկած չթողնի, որ ամուր է սահմանը, ու ոչ մի ոսոխ չի կարող խախտել այն»:
 

Օրեր առաջ զորացրված Սուրեն Ստեփանյանը իր պատմությունն ունի. նա ասում է, որ զինվորը  վարժվում է ծառայությանը այն ժամանակ, երբ «բատինկաները» ոտքերը էլ չեն «հարում». «Ուրեմն արդեն հարմարվել ես ու համար մեկ խոչընդոտը հաղթահարված է»:




18 տարեկանում զորակոչված Սուրենը բանակի մասին շատ բան էր լսել մինչ գնալը. «50 տարի առաջ զորացրվածներից մինչև երկու օր առաջ զորացրվածներըի հետ խոսել էի.լսածներիցս որոշ բաներ համընկան , որոշներն էլ ոչ..նյութը կարդացող արական սեռի ներկայացուցիչները , ովքեր ծառայել կամ ծառայում են հաստատ կհասկանան ինչ ի նկատի ունեմ»,-փակագծերը չի բացում զինվորը:

Ասում է ոչ հարյուր տոկոսով, բայց այս 2 տարվա մեջ շատ լավ ճանաչել է մարդուն, ով էքստրեմալ իրավիճակում ունակ է ամեն ինչի. «ամենաստոր քայլերից մինչև վեհ քայլեր, որոնք քաղաքացիական մարդիկ ու երբևէ չծառայածները դժվար թե պատկերացնեն»:

 «Մինչև կյանքիս վերջը բանակից հետս կմնա էն ընկերությունը, որ ձեռք եմ բերել...մարդիկ տարբեր բնագավառներից՝ նախրապան հասարակ տղայից մինչև գիտնականներ, որոնց միավորում էր համազգեստն ու ընդհանուր մեծ նպատակը. որ փորձում էին միասին լուծել,-ամփոփում է Սուրենը ու խորհուրդ տալիս,-«Ու քիչ լսեք, թե էդ կողմերում ինչ են խոսում բանակի մասին: Հաստատ բան եմ ասում՝ խոսողների մեծ մասը կրածս  համազգեստից մեկ օր իսկ հագած չկա»:


«Սիրում ենք շա՜տ բաներ, բայց արյուն չենք թափում նրանց համար:
Հայրենիքը, սակայն, պահանջում է ո՛չ միայն մեր սիրտը, այլև` մեր արյունը,
երբ դա անհրաժեշտ է իր գոյության համար: Սերն ավելի իրավունք է ճանաչում,
պաշտամունքը` պարտականություն». հայրենիքի ու բանակի մասին մտորումներն
այսպես է բանաձևում 2009թ զորացրված Հովհաննես Աղաջանյանը:




















«Սահմանում ծառայության ժամանակ ես ու իմ ընկեր Երեմը որսացինք մի վայրի բադ և որոշեցինք երեկոյան ընկերներով այդ բադը վայելենք: Ինչքան ավելի էինք մոտենում զորամասին, այնքան ավելի էին շատանում բադը մեր հետ համատեղ ճաշակելու ցանկություն հայտնած մեր զինվոր ընկերները: Խոհանոցում բադը տապակելու ժամանակ արդեն ամբողջ ուղեկալը տեղյակ էր բադի մասին և պատրաստվում էր համտեսելու: Վերջին ակորդը դրեց հրամանատարը, ով ուշ երեկոյան մեզ խոհանոցում տեսնելով մի փոքր ջղայնացավ, հետո ասեց առանց ինձ հանկարծ բադին ձեռք չտաք: Ստեղծվեց մի իրադրություն, որտեղ բադը մեն մենակ էր մնացել 30-40 զինվորական տղամարդկանց դեմ հանդիման, այն հաստատ քչություն էր անելու: Մի փոքր խորհրդակցելուց հետո տղաներից մեկը չոր հացի փշրանքը ձեռքին ջու ջու ջու… կանչելով մտավ հրամանատարի հավանոց: Մի ժամից մեր բադի և հրամանատարի 4 հավերի տապական պատրաստ էր»,- պատմում է լուսանկարի հերոս Նարեկը ու հավելում, որ միայն տարիներ հետո է բացահայտել  հրամանատարի մի բադի 10 բդի վրա չզարմանալու առեղծվածը:

«Հետագայում շատ պատահական իմացա, որ կամանդիրի կինը տեսել էր տղերքին իրենց հավանոցը մաքրազարդելուց, ասել էր ամուսնուն ու խնդրել էր, որ ոչ մի քայլ չանի զինվորի հանդեպ: Կամանդիրը գիտեր էդ մասին, բայց մինչև վերջ հարամ չարեց մեր զինվորական կատակը ու մեզ հետ հավասար կերավ իր իսկ հավերը:

Այս լուսանկարում մենք ենք, ընթրիքի վերջում բոլորով վայելում ենք մեկ շիշ կոնյակը, որը պահել էինք հատուկ առիթի համար»,-պատմում է Նարեկ Մալյանը, ով ծառայել է ՌԴ սահմանապահ զորքերում

Ի դեպ Նարեկը ծառայել է 5,5 տարի, որից 3,5 Հայոց Բանակում, 2-ը` ռուսական: Հենց ռուսական բանակում էլ Նարեկը հասկացել է, թե որն է  «կոմպլիմենտար զինծառայությունը»:

«Երկու տարի ծառայեցի ռուսական զորքերում` ԱՄՆ բանակի համազգեստով: Ինձ թվում է` միայն ես կարող էի այդպես»,-ծիծաղով հիշում է նա:

 

 



«Անցած տարվա ապրիլ կամ մայիս ամիսն էր: Եղբայրս ծառայության ընթացքում վարժությունների ժամանակ ընկել էր, ոտքը վնասել, հոսպիտալում պառկած էր: Մաման չգիտեր:

Ասեցինք` մամ, գնալու ենք չաստ, Վաղինակին տեսնենք, նոր գանք գյուղ: Մեր հետ Նարեկին էլ տարանք հոսպիտալ:

Հետո արդեն գյուղում մաման Նարեկին հարցնում է, քեռին ո՞նց էր:
-Տատի, գիտես, Վաղինակի քիթը պոկվել ընկել էր: Քիթ չկար, ինքն էլ հիվանդանոցում պառկած էր, վաբշե չէր կարում քայլել...

Ու սկսվեց մամայի լացը, մեր արդարացումները... Բայց կարևորը քիթը տեղն էր, հիմա էլ ոտքի վնասվածքից չի բողոքում...»,-այսօր արդեն ժպիտով հիշում է Վաղինակի քույրը՝ Լալան:


Կարոտել է...


Իսկ, թե ով է նկարել գիտի Արտյոմ Մկրտչյանը




















 
Վաղվա սերունդը կանգնել է հերթի


Հ.Գ. Շնորհավոր տոնդ, զինվոր:
Վերադարձիր: Քեզ սպասում են...

Հատուկ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մեզ հետ կիսվեցին լուսանկարներով՝ իրենց անձնական արխիվներից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:53
«Ժողովուրդ». Տպավորություն է ՔՊ-ականները ուրախ կլինեն Գյումրիում ընդդիմության հաղթանակով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 30-ին նշանակված Գյումրու ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում մարզպետներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում է մարզպետներին. ավտոպարկը կրճատեց, նրանց...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Փաստ». Պարզ «նիկոլություն» ֆրանսիական մոտիվներով՝ բոլորը մեղավոր են, ինձանից բացի
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Ժողովուրդ». ՔՊ-ում սատարում են Ալեն Սիմոնյանին թքելու համար պատժելու և Սամվել Վարդանյանին խոշտանգելու համար պատիժներ չլինելու բողոքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Վարդգես Գասպարին, գետնին պառկելով, շարունակում է այս կամ այն անարդարության վրա...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Հրապարակ». Իշխանությունը հարմար թեկնածու է փնտրում ՍԴ-ում դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ ՄԻԵԴ դատավոր նշանակվելուց հետո ՍԴ-ում դատավորի թափուր տեղը...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչու է դժվար կամ անհնար «հատիկ-հատիկ» օպերացիայով բռնագանձման գործընթացը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սոցհարթակներում Նիկոլ Փաշինյանի սկսած «հատիկ-հատիկ» օպերացիայով դեռ որևէ գույք չի...
Աղբյուր` Panorama.am
23:18
Բելառուսում ապրող հայ բլոգեր Բելլա Բաբախանյանն Հայաստանում է
«Դեռ ուշքի չեմ եկել, երբ ինքնաթիռում էի, ասում էի, մինչև Հայաստանի հողի վրա չիջնեմ, չեմ հավատա»,- «Զվարթնոց»...
Աղբյուր` Panorama.am
22:54
Թրամփը հնարավոր է համարել ուկրաինական հակամարտության կարգավորումն առաջիկա շաբաթների ընթացքում, այլապես կվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում։...
Աղբյուր` Panorama.am
22:38
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվում պահվող ռազմագերիների խնդիրը
ՀՀ ԱԳ-ից հայտնում են, որ  Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։...
Աղբյուր` Panorama.am
22:33
Ավանից Շրջանային մեկ ժամ կիլկիի ու շպրոտի մեջ ներքին փիլիսոփայական բանավեճից հետո, կանգառում դուրս եմ թռչում ավտոբուսից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Առավոտյան ուշանում եմ և վերլակում անհանգիստ մտածում, որ հակառակի պես աննորմալ ցրտի պատճառով...
Աղբյուր` Panorama.am
22:16
«Ֆլայ Արնա»-ն սնանկ է ճանաչվել
Հունվարի 27-ին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով, սնանկ է ճանաչվել...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել հակառուսական բանաձևին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 93 երկիր, 18 դեմ և 65 ձեռնպահ ձայներով Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել: ԱՄՆ-ը դեմ է քվեարկել,...
Աղբյուր` Panorama.am
21:23
Խոշոր ավտովթար «Mercedes»-ի ու «Volkswagen Golf»-ի մասնակցությամբ, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Փետրվարի 24-ին, ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 53-ամյա Ռուբեն Ո․-ի...
Աղբյուր` Panorama.am
20:59
Մինչև վերջին պահն էլ մարտունեցիները մնացին աննահանջ ու պաշտպանեցին իրենց սահմանագիծը․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «2021 թվականն էր, Արցախի Մարտունու շրջան էի գնացել:...
Աղբյուր` Panorama.am
20:54
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
20:44
Թաքուն ընթացակարգով կառավարությունը պատրաստվում է «Լիդիան Արմենիա»-ին հայկական բանկերի միջոցով 150 մլն դոլարի վարկ տալ․ Թեհմինե Ենոքյան
Բնապահպան, «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը գրել է․ «Առանց կառավարության նիստի թաքուն ընթացակարգով...
Աղբյուր` Panorama.am
20:32
Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
20:26
Այսօրվա դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի շուրջ 3800 ԱՄՆ դոլար պետական պարտք ունի․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական  պարտք և հարկային տեռոր ! Օրեր առաջ Ֆբ օգտատերերը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:14
Վաղը կշարունակվեն «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վաղը՝ փետրվարի 25-ին ժամը 13:30-ին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը նկատելիորեն նվազում է
Գերմանիայի ընտրություններում հաղթած Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հադրութի շրջանի Ծամձոր գյուղն՝ ադրբեջանական հարձակումների թիրախում
Monument Watch-ն ահազանգում է․ «2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
19:12
Միջնորդությամբ պահանջելու եմ՝ հանրային քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
Հայաստանի եվրոպական ինինտեգրումը խնդրահարույց է բոլոր տեսանկյուններից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է․ «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}