Սահմանամերձ գյուղը հպարտանում է իր զինվորով
Սահմանամերձ գյուղերում բանակի օրը հատուկ են տոնում: Պատերազմ հաղթած գյուղերի ղեկավարների ու բնակիչների մի մասը գնում են զորամասեր` շնորհավորելու զինվորների տոնը, ոմանք երկար սեղաններ են փռում, քեֆ անում,շնորհավորում միմյանց ու հայ զինվորին: Հետո հիշում ընկած ընկերներին, պատմում, կամ լռում...
Ամբողջ Այգեպարը հավաքվելու է ու նշի Բանակի օրը: Գյուղապետ Անդրանիկ Այդինյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ հայ զինվորն իր գործը կատարում է գերազանց և հմուտ. «Մեր զինվորներին շնորհավորում եմ բանակի 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Թող միշտ խիզախ լինեն, թող միշտ վստահ լինեն: Մեր հայրենիքն է, մեր ամեն մի թիզ հողը մենք ենք պաշտպանելու»:
Մովսեսում տոնը նշում են պարտադիր: Գյուղապետ Արարատ Ավալյանն իր շնորհավորական ուղերձն է հղում, համերգ են ունենում, պատերազմի վետերաններն են խոսում, հիշում կռվի տարիները, խաղաղություն մաղթում ու շնորհավորում զինվորներին:
«Շնորհավորում եմ Հայոց բանակի բոլոր սպաներին, մարտիկներին, Տավուշի մարզի մեր դիրքապահներին: Ցանկանում իրենց, նախ, խաղաղ երկինք, որ խաղաղ պայմաններում ծառայեն և ընտանեկան հաջողություններ ունենան: Առողջ լինեն: Մեր բանակն էլ պատանի չէ, օր-օրի հզորանում է, զինվորների եռանդն ու ավյունն ավելանում է` ծառայելով դժվար պայմաններում»,- ասում ու ոգևորում է Արարատ Ավալյանը:
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը կեսօրից հետո գնալու է զորամաս` զորքին շնորհավորելու: Նրա բարեմաղթանքն է. «Շնորհավորում եմ մեր բանակի 22-ամյակը: Ցանկանանք, որ խաղաղություն լինի, ամուր լինեն մեր տղաները: Այսօրվա զինվորը մեր երեխան է, մենք ենք մեծացրել, մենք ենք փայփայել, գուրգուրել, հասցրել այդ տարիքին: Ես հավատացած եմ, որ մեր բանակի զինվորներն իրենց ծնողներից ստացած պետության անվտանգությունը կարող են ապահովել: Թող խաղաղությունը թևածի մեր տարածաշրջանում»:
Ներքին Կարմիր աղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ ասում է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները միշտ էլ բանակի կողքին են:
«Մեր բանակն ուժեղ է: Շնորհավորում եմ: Ես չգիտեմ` ո՞վ ո՞նց, սահմանամերձ գյուղի ժողովուրդը միշտ էլ հպարտանում է իր զինվորով, իր զինվորի կողքին է: Ամենալավն եմ ցանկանում իրենց, թող ամուր լինեն ու մեր ամբողջ հայ ազգը, աբողջ աշխարհն իմանա, որ մեր բանակն ամենահզորն է»,-լրիվ արժանի գովաբանում է գյուղապետը:
Կարդացեք նաև`
Անկախության օրը թշնամու դիպուկահարի նշանի տակ. Սահմանամերձ գյուղերում քոչարի են պարում