ԵԽԽՎ-ում Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է, որ այսօր հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի ծննդյան օրն է
Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում, ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի ելույթի ժամանակ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է, որ այսօր հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի ծննդյան օրն է, ով արդեն տևական ժամանակ է ռազմագերի է Ադրբեջանում:
Դիմելով ԵԽ գլխավոր քարտուղարին, Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Ահա արդեն քանի ամիս է Ադրբեջանում պատանդի կարգավիճակով պահվում է հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը, ով տեղանքում մոլորվելով, հայտնվել էր ադրբեջանական գերության մեջ: Ամբողջ այս ընթացքում Ադրբեջանի կողմից խախտվել են միջազգային բոլոր հնարավոր կոնվենցիաները: Կարմիր Խաչը անում է հնարավորը, Հակոբին տուն, կամ գոնե երրորդ երկիր տեղափոխելու համար, սակայն առ այս պահը ապարդյուն: Հապաղումը կարող է ճակատագրական լինել Հակոբի կյանքի համար: Ինչո՞ւ մեր Վեհաժողովը որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանը սկսի հարգել իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները և հայ զինվորին պատանդ չպահի»:
Ի պատասխան հայ պատգամավորի հարցի, ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդն ասել է. «Ինձ համար մի քիչ դժվար է կոնկրետ այդ դեպքի համար որևէ մեկնաբանություն անելը, սակայն մենք աշխատում ենք Կարմիր Խաչի հետ և պաշտպանում ենք նրանց քայլերը: Ցավոք սրտի, կոնֆլիկտներով զբաղվելը մեր կառույցի իրավասության մեջ չէ և կողմերից որևէ մեկը մեզ չի դիմել, որ մենք զբաղվենք այդ կոնֆլիկտով: Սակայն, մենք պետք է անենք հնարավորը, որ ԵԽ անդամ երկրները կարողանան լուծել վիճահարույց հարցերը»: