
ՍԴ-ն դժվար թե հակասահմանադրական ճանաչի վիճահարույց օրենքի դրույթները. Կարծիքներ
«Կենսաթոշակային կուտակային համակարգի մասին» ՀՀ օրենքով պարտադրվող պարտադիր բաղադրիչի դեմ պետք է օգտագործվեն պայքարի հնարավոր բոլոր միջոցները՝ ընդհուպ մինչև համազգային գործադուլ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Նորայր Նորիկյանը:
«Եթե շուրջ 80000 մարդ դուրս գա փողոց, պայքարի այդ օրենքի դեմ, վստահ եղեք, որ ազդեցություն կունենա Սահմանադրական դատարանի վրա», - հավելեց Նորիկյանը:
Ինչ վերաբերում է նույն օրենքի երկու դրույթները կասեցնելու մասին Սահմանադրական դատարանի` հունվարի 24-ին ընդունած որոշմանը, ապա դա Նորիկյանի կարծիքով, իր մեջ քաղաքական տարր է պարունակում և այն միտված է հասարակության ակտիվությունը ճնշելուն:
«Որևէ մեկը չի կարող այսօր երաշխիք տալ, որ լավ բարեփոխում կլինի, մինչդեռ նախագահն այլ բան էր ասում»,- ասաց նա՝ հնարավոր համարելով այն, որ նախագահին այլ կերպ է ներկայացվում օրենքի փիլիսոփայությունը:
Նույն ասուլիսին ներկա «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը նկատեց, որ ՍԴ-ն ստիպված էր ինչ-որ որոշում կայացնելու հարցում, հետևաբար ընդամենը երկու ամսով կասեցրեց օրենքի որոշ դրույթների կիրարկումը:
«Կառավարությունն արդեն լուրջ հաշվարկ ունի այդ գումարների հեռանկարների հետ, նկատի ունի, որ այդպիսի գումարներ լինելու են, հենց դա ինձ հուշում է ասել, որ ՍԴ-ն դժվար թե հակասահմանադրական ճանաչի։ Դա նշանակում է, որ ինքը Կառավարության ոտքի տակի հողն է տանում»,- հավելեց Բախշյանը:
Հարցին, թե արդյոք ՀՀ նախագահը կարո՞ղ է ազդել ՍԴ-ի վրա, փաստաբանը պատասխանեց՝ «Այո՛, ՀՀ նախագահը նաև իշխող կուսակցության ղեկավարն է և այդ կառավարության պատասխանատվություն կրողը, հետևաբար այո՛, նա կարող է ազդել ՍԴ-ի վրա»:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին