Է.Շարմազանով. Ծանր բեռը սերունդներին չթողնելու համար Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը
«1.5 միլիոն հայերի ցեղասպանությունն իրենց բնօրրանում ոչ այլ ինչ է, քան մարդկության հանդեպ հանցագործության վառ դրսևորում: Մարդկային հասարակության դեմ երբևէ իրագործած հանցագործությունների մոռացությունը ծնում է նոր հանցագործություններ, զորօրինակ՝ հրեաների Հոլոքոստը Երկրորդ աշխարհամարտի տարիներին»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությանը:
Նշենք, որ Թուրքիայի նախագահը Անկարայում հունվարի 27-ին ֆրանսիացի իր գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպմանը Հայաստանին և հայկական սփյուռքին կոչ է արել «անցյալի ցավերը հետևում թողնել և չփոխանցել սերնդեսերունդ»: Հիշեցնենք նաև, որ Ֆրանսուա Օլանդն էլ կոչ էր արել Թուրքիային ճանաչել հայոց ցեղասպանության փաստը:
Է.Շարմազանովի համոզմամբ՝ անցյալի կնճռոտ խնդիրները ոչ թե մոռացության է պետք մատնել, այլ լուծել: Նա համոզված է` թուրքական իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն՝ հաշտվելու սեփական պատմության հետ և ծանր բեռը ապագա սերունդներին չթողնելու համար պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը. «Հակառակ դեպքում, իրականացնելով ժխտողական քաղաքականություն՝ նրանք կգործեն ոչ պակաս հանցագործություն, քան երիտթուրքական կառավարությունը»,- հավելել է ԱԺ փոխնախագահը:
Նախորդիվ`
Աբդուլլա Գյուլ. Թուրքական իշխանությունները պատրաստ են բացել արխիվները