Հ.Նաղդալյան. Կարևոր է, որ ԵԽԽՎ նորընտիր նախագահը քաջածանոթ է
ԵԽԽՎ ձմեռային նշտաշրջանում Վեհաժողովի նախագահ ընտրվեց Անն Բրասերը, և Panorama.am-ի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ պատվավոր անդամ Հերմինե Նաղդալյանը հույս հայտնեց, որ նրա նախագահության օրոք դրական տեղաշարժեր կարձանագրենք, քանի որ ԵԽԽՎ-ում աշխատած իր երկար տարիների ընթացքում համոզվել է, որ նորընտիր նախագահը սկզբունքային է.
«Նախևառաջ կցանկանամ, որպեսզի Բրասերի նախագահության շրջանը եվրոպական արժեքների կայացման և հաստատման այս առաջատար ատյանում աչքի ընկնի նոր ձեռքբերումներով` արդարության, մարդու և ազգերի ազատության, հավասարության և աշխարհն առաջ տանող մյուս պրոգրեսիվ գաղափարների հաղթանակի գործում: Անն Բրասերին հայտնի է որպես սկզբունքային, շիտակ, լայնախոհ և հանդուրժողական , իմ խորին համոզմամբ` ազնիվ և հեղինակավոր, բառիս ուղիղ իմաստով` քաղաքական գործիչ»,- նշեց նա:
ԱԺ փոխխոսնակը նաև վստահություն հայտնեց, որ իր նախագահությունը միտված կլինի ԵԽ-ի հիմնական սկզբունքների ` մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության և այլ արժեքների հետագա խորացմանը: Ու առանձնապես կարևոր է, որ նահանջեն այնպիսի երևույթներ, ինչպիսիք կրկնակի սկզբունքներն են, երկակի ստանդարտների կիրառումը:
«Ես երկար տարիներ եմ ճանաչում տիկին Բրասերին` լինելով նրա հետ մեկ քաղաքական խմբում և խմբի բյուրոյում` Լիբերալների և Դեմոկրատների Ալյանսում /ԱԼԴԵ/, որը վերջին 4 տարիներին ինքն էր ղեկավարում, ծանոթ եմ նրա բազմաթիվ ելույթներին: Նրա մասնակցությամբ քննարկումներին խմբի և բյուրոյի նիստերում, առիթներ ունեցել եմ համոզվելու, որ արդարամտության և սկզբունքայնության մարմնավորում է: ԵԽԽՎ 2-րդ կին նախագահն է, այս առումով ևս` հուսով եմ, որ նրա պաշտոնավարումը կբերի բարության, զգայունության, սրտացավության, հումանիզմի այն տարրերի գերակշռումը, որ կրում են կանայք` բնությամբ իրենց վերապահված առանձնահատկությունների շնորհիվ: Դրանք այսօր շատ անհրաժեշտ են մարդկային հասարակությանը»,- նշեց Հ.Նաղդալյանն ու օրինակ բերեց Անն Բրասերի` Թունիսում իրականացրած աշխատանքները, միջազգային կառույցներում քաղաքական կոռուպցիայի, խավիարային քաղաքականության և դրա անընդունելիության դեմ ունեցած ելույթներն ու ձեռնարկած քայլերը:
Թե Հայաստանին վերաբերող հարցերում ինչպիսին կլինի ԵԽԽՎ նոր նախագահի դերակատարումը, ապա Հ.Նաղդալյանը նշեց, որ Անն Բրասերը տարբեր առիթներով եղել է Հայաստանում և «քաջածանոթ է թե’ մեր երկրի քաղաքական ներկապնակին, թե’ մեր ազգային խմդիրներին»:
«Այնպես որ ես ողջունում եմ այս ընտրությունը»,- հավելեց նա:
Նախորդիվ` ԵԽԽՎ նոր նախագահը հայտնի է