ՀՀ-ում Իրանի դեսպանն իրանցի գործարարներին կոչ է անում օրինակ վերցնել թուրքերից
«Իրանն ու Հայաստանը նպատակ ունեն ապրանքաշրջանառության ծավալները հասցնել 1 միլիարդ դոլարի»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսին:
Իրանի դեսպանը, անդրադառնալով Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերին, մասնավորապես նշել է. «Հայաստանը բնական հանածոների տեսանկյունից բավականին հարուստ երկիր է. աշխարհում մոլիբդենի խոշոր արտադրողներից մեկն է համարվում: Այն բացի մոլիբդենից, հարուստ է նաև ոսկու, պղնձի, երկաթի, սնդիկի, ինչպես նաև տարատեսակ բնական քարերի պաշարներով»:
Դեսպան Ռեիսին, իրանցի ներդրողներին քննադատելով Հայաստանի տնտեսությունում բավարար չափով ներգրավվածություն չունենալու համար, նշել է. «Թուրքիան Հայաստանի հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունի, սակայն Հայաստանի շուկայում առկա ապրանքների զգալի մասը թուրքական են. այդ առումով իրանցիները Հայաստանում մի շարք հնարավորություններ են ձեռքից բաց թողել»
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը, անդրադառնալով հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակին, նշել է, որ Մեղրիի ՀԷԿ-ի և էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված դրական քայլ են համարվում:
«Նախորդ տարի Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները կազմել են շուրջ 320 միլիոն դոլար: Իրանը Հայաստանի առևտրային գործընկերների շարքում զբաղեցնում է չորրորդ տեղը: Սակայն առկա հնարավորությունների պայմաններում ապրանքաշրջանառության ծավալները գոհացուցիչ չեն: Երկու երկրները ջանքեր են գործադրում, որպեսզի այն հասցնեն 1 միլիարդ դոլարի»,-հավելել է Իրանի դեսպանը:
Նախորդող հրապարակում՝
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Իրան