Ն.Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Ալիևին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը ԵԽԽՎ լիագումար նիստում նախօրեին հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրացել է` հիմք ընդունելով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական կոմիտեի առաջարկը` քրեականացնել ռասիստական ոգով ելույթները:
Նաիրա Զոհրաբյանը ելույթում բերել է նաև իր պահանջի հիմնավորումները. «Ահազանգը իրապես պահանջում է հրատապ և կոնկրետ հակաքայլերի ձեռնարկում, այլապես հեռու չէ այն օրը, երբ մենք ունենալու ենք Եվրոպա, որտեղ անհանդուրժողականությունը, ռասիզմը, այլատյացությունը դիտվելու են որպես կենսակերպ: Այո, մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Եվրոպական մի շարք խորհրդարաններում, ուր ծայրահեղական կուսակցությունները կարողանում են հանրության աջակցությամբ մտնել խորհրդարան: Եվ Հունաստանի հայտնի նեոանացիստական կուսակցությունը, ցավոք, այլևս եզակի դեպք չէ: Ես համաձայն եմ, որ ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ պայքարում մեծ անելիք ունեն առաջին հերթին քաղաքական գործիչներն ու մեր Վեհաժողովը: Ավելին, Եվրոպայի խորհրդի տարբեր կառույցներ հստակ հանձնարարում են ազգային խորհրդարաններում բացառել ռասիզմ ու անհանդուրժողականություն տարածող ելույթները: Բայց արդպե՞ս է արդյոք իրականում:
Երկու տարի առաջ, Եվրանեսթ խորհրդարանական Վեհաժղովի կազմում, ես Բաքվում մասնակցում էի մեր կառույցի հերթական նիստին: Եվ, հարգելի գործընկերներ, Ադրբեջանի նախագահը, իր խորհրդարանի մեջ, Եվրանեսթի ողջ պատվիրակության, այդ թվում` հայկական և Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունների ներկայությամբ, ռասիզմի և անհանդուրժողականության մի կատարյալ շեդևր ելույթ ունեցավ:
Նա մեզ` Արդբեջանի խորհրդարանում նստած հայ պատգամավորներիս և ողջ հայ ժողովրդին անվանեց ֆաշիստներ, պղծողներ` հայ ժողովրդին մեղադրելով ստահոդ և անտրամաբանական բոլոր մեղքերի մեջ: Եվ ի՞նչ եղավ: Որևէ մեկը, բացի հայկական պատվիրակության անդամներից, բացատրե՞ց Ալիևին, որ ԵԽ անդամ երկրի նախագահին վայլել չէ միջնադարյան ինկվիզիցիայի ոգով ելույթ ունենալը: Իհարկե` ոչ:
Այստեղ նշվեց, որ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական կոմիտեն առաջարկում է քրեականացնել ռասիստական ոգով ելույթները: Այո, ես կարող եմ համաձայնել այդ առաջարկին, և հիմա առաջարկում եմ քրեական պատասխանատվության կանչել Ադրբեջանի նախագահին, որի յուրաքանչյուր ելույթ, ուր կա հայի և Հայաստանի անուն` ռասիզմի, անհանդուրժողականության, հայատյացության բացառիկ դրսևորում է: Եվ, ի վերջո, ինչի՞ ծնունդ էր մարդասպան Ռամիլ Սաֆարովը, ում իր երկրում համարում են ազգի հերոս: Նա ծնունդ է հակահայ այն խայտառակ մթնոլորտի, որը տիրում է Ադրբեջանում, երբ երեխաներին մանուկ հասակից սովորեցնում են, որ հայն իր թշնամին է:
Երբ մենք ընտրեցինք Մարդու իրավունքների նոր հանձնակատար, ես վերջինիս ուղարկեցի ադրբեջանական դասագրքերից հատվածներ, ուր քարոզվում է բացահայտ հակահայկականություն և ուր հայը ներկայացված է որպես ջարդարար ու մարդասպան: Առ այս պահը ես որևէ պատասխան չեմ ստացել մարդու իրավունքների էմիսարից: Մարդը, ում մենք ընտրել ենք նման պատասխանատու պաշտոնում, հարկ չի համարում զբաղվել իր անմիջական պարտականությունններով, կամ, երևի թե վախենում է զայրացնել ադրբեջանցի իր գործընկերներին»,- հայտարարել է իր ելույթում Ն.Զոհրաբյանը:
Նա նաև մեջբերել է ադրբեջանցի Մարյամ Գյունեշլիի նամակից, որտեղ ասվում է, թե ինչպես է հեղինակը «գրեթե ուշագնաց եղել»` կարդալով ադրբեջանական որոշ դասագրքեր, ուր «հայրենասիրություն է իբր քարոզվում` հային մարդասպան ներկայացնելով»:
Իսկ ադրբեջանցի լրագրող Ուլքեր Իսմայիլգզին, անդրադառնալով ադբեջանական դասագրքերում հայատյացությանը, գրել է` «Մենք մի ողջ սերունդ ենք դաստիարակում հայերի հանդեպ ատելությամբ»:
«Սա ուղղակի անթույլատրելի է և ժամանակն է ընդամենը խոսքերից անցնել կոնկրետ քայլերի, քանի որ ներկայացված զեկույցը կոնկրետ քայլեր անելու հրաշալի հնարավորություն է: Չկորցնենք այն»,- հավելել է հայկական պատվիրակության անդամը: