«Օգնության ձեռք» նախաձեռնությունը անվճար բուժօգնություն կտրամադրի անապահովներին
Երևանում, ինչպես նաև մարզերում, այսուհետ, անապահովների համար իրականացվելու է անվճար բուժօգնություն` «Օգնության ձեռք» նախաձեռնության աջակցությամբ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցացիայի» նախագահ Գևորգ Գրիգորյանը:
Հետագայում, ըստ Գրիգորյանի, նախատեսում են թիմում ընդգրկել մարդկանց, որոնք կհոգան անապահովների բուժման, վիրահատության ծախսերը:
Գ.Գրիգորյանը նշեց, որ օրեր առաջ այցելել են Վանաձորի «Հույսի տուն» ինտերնատ. երիտասարդ բժիշկները զննել են ծերերին` նրանց տրամադրել առաջին բուժօգնություն, իսկ այն հիվանդները, որոնք առավել լուրջ հետազոտման ու բուժման կարիք ունեն, ցուցակագրվել են երկրորդ փուլում ընդգրկվելու համար:
«Առաջին փուլում մենք նախնական բուժզննման ենք ենթարկում հիվանդներին և տալիս առաջին բուժօգնություն, իսկ ավելի լուրջ հետազոտվելու և բուժվելու կարիք ունեցող հիվանդներին ընդգրկում ենք երկրորդ փուլ, որպեսզի ապահովենք հիվանդի լիարժեք բուժումը՝ հովանավորներ գտնելու դեպքում»,- նշեց Գ. Գրիգորյանը:
«Օգնության ձեռք» նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցացիայի», Պալիատիվ օգնության հայկական ասոցիացիայի և MPMS ընկերության համագործակցության արդյունքում: