Անվանի կոմպոզիտորների գործերը հայ երիտասարդներին ներկայացնելը կարևոր նշանակություն ունի մեզ համար. Յիրիկյան
Մշակույթի բարեկամ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Տիգրան Չուխաջյանի անմահ օպերետի նոր բեմադրության համար հատկացրել է 10 միլիոն դրամ: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը Չուխաջյանի այս գլուխգործոցին անդրադառնում է երրորդ անգամ: Բեմադրությունն իրականացրել են նշանավոր արվեստագետներ, ՀՀ ժողովրդական արտիստներ`Երվանդ Ղազանչյանը (ռեժիսոր), Յուրի Դավթյանը (դիրիժոր), ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը (բեմանկարիչ), ճանաչված խմբավար Շուշան Հովհաննիսյանը և անվանի բալետմայստեր Աննա Կարապետյանը: Ներկայացմանը մասնակցում են թատրոնի առաջատար դերասանները, սիմֆոնիկ նվագախումբը, քառաձայն երգչախումբը և բալետը:
Իր վառ ու թարմ գույներով, հայ ժողովրդական մեղեդիների հիանալի օգտագործմամբ, մեներգերով և հումորով, «Կարինեն»` որպես հայ դրամատուրգիայի գոհար, մինչև այժմ էլ, մնում է չգերազանցված: Այն իր ոգով և ոճով խորապես ազգային ստեղծագործություն է:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը սիրով ստանձնել է մշակութային այս գոհարի բեմադրման հովանավորությունը: Գեղագիտական դաստիրակության տեսանկյունից` անվանի կոմպոզիտորների գործերը հայ երիտասարդներին ներկայացնելը կարևոր նշանակություն ունի մեզ համար: Արվեստը զգացմունքի բարձրակետ է, ամեն լավի ու գեղեցիկի խտացում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Կարինեն» հայերեն առաջին անգամ բեմադրվել է Մացակ Տեր-Առաքելյանի թարգմանությամբ` Բաքվի Մայիլյան թատրոնում 1912 թ.:
Ավելի վաղ, Հ. Պարոնյանի անվան թատրոնում օպերետը բեմադրվել է 1941 և 1950, իսկ Օպերայի և բալետի թատրոնում` 1951 և 1988 թվականներին: Հետագայում արդեն` 1962թ.-ին, «Հայֆիլմ» կինոստուդիան համանուն երաժշտական ֆիլմ է նկարահանել:
Տիգրան Չուխաջյանի երազանքն էր` իր օպերետի բեմադրությունը տեսնել Փարիզում: Նախագիծը, սակայն, իրականացվել է անվանի հայի մահից հետո: Մեր օրերում դեռևս շարունակվում է օպերետի բեմադրությունը: Ֆրանսահայ բեմադրիչ և դերասան Ժիրայր Փափազյանի մտահղացմամբ 2010-ին առաջին անգամ Փարիզի «Բուֆ դյու Նոր» թատրոնում, 2011թ.-ին` Մարսելի հանրահայտ «Օդեոն» թատրոնում ներկայացվել էր օպերետի ֆրանսերեն ընթերցում-համերգ տարբերակը: