Ուորլիք. Հայ զինվորի ողբերգական մահ է արձանագրվել
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հունվարի 29-ին իր «Twitter»-յան էջում ողբերգություն է որակել ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից հայ զինվորի սպանվելու փաստը:
«Հայ զինվորի ողբերգական մահ է արձանագրվել: Երկու կողմերում արձանագրված մահվան դեպքերով իրավիճակի սրացումը վնասում է խաղաղ կարգավորման հեռանկարները»,- գրել է Ուորլիքը:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնեց, որ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Կարեն Գագիկի Գալստյանը:
Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: