Փորձագետ. Ադրբեջանը պանիկայի մեջ է
«Այսօր Ռուսաստանը հայտնվել է բարդ, թույլ վիճակում: Բարդ վիճակում են գերտերությունները: Ադրբեջանն օգտվելով այս ամենից, փորձում է այնպես անել, որ այդ երկրները պարտադրեն Հայաստանին իրեն ձեռնտու դիրքորոշումը: Շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի սրացումը նույնպես կապված է այս դրության հետ»,- ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
Ըստ նրա, Հայաստանում պետք է լուրջ վերաբերեն այս ամենին: Մ. Սարգսյանի խոսքով, մեծ փոփոխությունների, վտանգավոր ժամանակաշրջան է, բայց մտածողությունը, ավանդույթները (հին ռուսական սխեմայով) շարունակում են մնալ հին, որոնք իրենց մեջ ռիսկեր են պարունակում:
«Հայաստանը որպես տարածք, գործոն, մեծ ազդեցություն ունի, ինչը պետք է օգտագործել ու նոր հարաբերություններ ստեղծել»,- ասաց քաղաքագետը: Նրա դիտարկմամբ, այսօր ՌԴ-ն զենք է տալիս Ադրբեջանին, իսկ ՀՀ-ին չի տալիս` կախվածության մեջ պահելու համար. «Կգանք Ձեզ կօգնենք` այսպես են ասում նրանք»:
Ըստ Մ. Սարգսյանի, միայն Ռուսաստանը կարող է տարածաշրջանում անկայուն վիճակ առաջացել: «Հայաստանը չպետք է թողնի տարածաշրջան որևէ ուժ մտնի, քանի որ այդ դեպքում թուլանում է, կորցնում իր սուվերենությունը»:
Փորձագետ Գագիկ Հարությունյանի համոզմամբ, ՀՀ-ում ՌԴ-ի ռազմական բազայի առկայությունը թշնամուն զսպող գործոն է: «Ռուսաստանը բնավ իդեալական հրեշտակ չէ, որ ամեն ինչ կարող է անել, բայց գործոն է, որը մեզ հետ ընդհանուր շահեր ունի այս տարածաշրջանում: Մնացածն այդ շահերը տեսնում են այլ երկրներում` Վրաստանում, Ադրբեջանում: Մենք ունենաք անվտանգության խնդիր, որը գերակա է մյուս խնդիրներից»,- ասաց նա:
Ըստ բանախոսի, Ադրբեջանը գտնվում է ոչ հավասարակշռված վիճակում, անգամ պանիկայի մեջ` պայմանավորված երկու հանգամանքով` Թուրքիան լրջագույն պրոբլեմներ ունեցավ Մերձավոր Արևելքում, Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը:
Գ. Հարությունյանի խոսքով, դրությունը տարածաշրջանում մի փոքր լավացել է, քանի որ փոխվել է աշխարհաքաղաքական ընդհանուր տրամաբանությունը` դառնալով բազմավեկտոր: Փորձագետի դիտարկմամբ, Հայաստանը պետք է ձգտի աշխատել Վրաստանի հետ, օրինակ` ունենալ ընդհանուր շուկա: