Ինչու չի հրապարակվում ՄՄ-ին ՀՀ անդամակցության ճանապարհային քարտեզի տեքստը
ՀՀ կառավարության վերջին նիստում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը հաստատելուց հետո և վարչապետ Տիգրան Սարգսյանը, և ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը խոստացան փաստաթղթի տեքստը հրապարակել երկու օրից, նրանց խոսքով՝ դեռևս կային որոշ խմբագրական ճշգրտումներ, որոնք պետք է արվեին երկու օրերի ընթացքում։ Կառավարության՝ հունվարի 23-ի նիստից անցել է 6 օր, սակայն ճանապարհային քարտեզը չկա ու չկա։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրել են, որ փաստաթուղթը դեռ ռուսերենից հայերեն է թարգմանվում, և առաջիկա օրերին այն կհրապարակվի։ Այլ կերպ ասած՝ ՀՀ կառավարությունն իր նիստում հաստատել է ոչ թե ՀՀ պետական լեզվով՝ հայերենով գրված, այլ ռուսերեն փաստաթուղթ։ Ըստ նախարարության՝ արագ լինելու համար փաստաթուղթը գրվել է ՄՄ աշխատանքային լեզվով: