Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի դեմ ստորագրահավաք է կազմակերպվել
Ստրասբուրգում անցկացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում տարածվել է Ադրբեջանի դեմ ուղղված հռչակագիր, որի տակ ստորագրում են ԵԽԽՎ պատգամավորները։
Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, հռչակագրում ԵԽԽՎ պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին՝ ազատ արձակել Մարդու իրավունքների պաշտպան և ընտրական դիտորդ Անար Մամմադլիին։
Տարածված փաստաթղթում ասվում է, որ Անար Մամմադլին մարդու իրավունքների հարգված պաշտպան է, ով միջազգային կառույցների, այդ թվում նաև Եվրոպայի խորհրդի հետ միասին իրականացրել է Ադրբեջանում մոնիտորինգ։
Նրա կազմակերպությունն իրականացրել է Ադրբեջանի համապետական ընտրական գործընթացների դիտարկում՝ սկսած 2001թ․-ից։
2013թ․-ի հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը» ներկայացրեց ընտրությունների վերաբերյալ քննադատական զեկույցներ։
Անար Մամմադլին «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի» վարչության անդամ է ընտրվել 2013թ․-ի դեկտեմբերի 10-ին։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովել Անար Մամմադլիի արդար և թափանցիկ դատավարությունը՝ համապատասխան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Բացի այդ, մենք կոչ ենք անում անհապաղ վերացնել նրա նկատմամբ նախնական կալանքը։ Անար Մամմադլին ողջ ընթացքում լիովին համագործակցել է քննություն իրականացնող մարմնի հետ և մենք համարում ենք, որ կալանքի համար որևէ արդարացում չի տրվել»,-մասնավորապես նշում են նրանք։
Փաստաթղթի տակ արդեն ստորագրել են 60-ից ավելի պատգամավորներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները